Երկուշաբթի օրը «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, դժգոհություն հայտնելով Արցախում ինտերնետ ծառայության մատուցման վիճակից, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հույս է հայտնել, որ այդ եւ բջջային ծառայությունների ոլորտում առաջիկայում դրական տեղաշարժեր կլինեն: Դա հնարավոր է դարձել ընկերության միակ բաժնետեր Պիեռ Ֆատուշի կողմից ներդրումային նոր ծրագրերն ընդունելուց հետո, որի հետ կառավարությունն արդեն արդյունավետ բանակցություններ է վարել:
Նա շնորհակալություն է հայտնել «Ղարաբաղ Տելեկոմ»-ի տնօրենին, որն այդ պաշտոնում, Արցախի իշխանությունների խնդրանքով, աշխատում է հասարակական հիմունքներով:
Վերջին շրջանում «Ղարաբաղ Տելեկոմ»-ի աշխատանքից բաժանորդների դժգոհության ալիքին իր անհամաձայնությունն արտահայտելովՙ Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ ընկերությունն անցած շուրջ ինն տարում 38 միլիոն դոլարի ներդրումներ է կատարել: Անհիմն է մամուլում հնչեցվող այն մեղադրանքը, թե Յիրիկյանը թալանում է Ղարաբաղի փողերը եւ դրանք Հայաստան տանում: Տարվա կտրվածքով «Ղարաբաղ Տելեկոմ» -ի եկամուտը հազիվ «Վիվասել- ՄՏՍ»-ի մեկ ամսվա եկամտի 2/3-ն է կազմում, ասել է նա:
Այն, որ ինտերնետը Ղարաբաղում շատ թույլ է, տնօրենը չի ժխտում: Միեւնույն ժամանակ, Յիրիկյանի մեկնաբանմամբ, իրենք ինտերնետ ստանում են արբանյակի միջոցով, ինչը թանկ է նստում ընկերության վրա: Նախատեսված է մինչեւ տարեվերջ կառուցել կապի նոր համակարգ մանրաթելային մալուխով, որը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել մատուցվող ծառայությունների որակը, այլեւ շոշափելիորեն կնվազեցնի գործող սակագները: Բացի այդ, կվերանայվեն բջջային ծառայությունների ներկա գները:
Իր գործունեության ընթացքում «Ղարաբաղ Տելեկոմ»-ն Արցախում 2,4 միլիարդ դրամի չափով բարեգործական ծրագրեր է իրականացրել, նշել է Ռ. Յիրիկյանը, խոստանալով, որ դրանք կշարունակվեն հետայսու:
Տեխնիկական վերազինության երրորդ սերնդին անցնելու ընթացքում ընկերության աշխատողների կրճատում չի լինի, հավաստիացրել է տնօրենը: Ներկայումս ընկերությունում աշխատում է 830 հոգի, եւ նրանք կարող են վստահ լինել` ակնկալելով նաեւ աշխատավարձի բարձրացում:
Լրագրողների այն հարցին, թե ԼՂՀ կառավարության հետ ընկերության կնքած պայմանագիրը քանի՞ տարվա ժամկետ է ներառում, Ռալֆ Յիրիկյանը պատասխանել է, որ ինքը «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժնետեր չէ, անձամբ չի ստորագրել եւ չի կարող պայմանագրի մանրամասները բացահայտել:
Պետք է հաշվի առնել արցախյան առանձնահատկությունները, ասել է նա` նկատի ունենալով երկրի չճանաչվածության պարագան, ինչը հաճախ օտարերկրյա ընկերությունների հետ փոխշահավետ պայմանագրեր կնքելիս դժվարություններ է հարուցում: Նա կոչ է արել լրագրողներին. «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեության մասին գրելիս հիմնվել միայն ընկերությունից ստացված ստույգ տեղեկությունների վրա, եւ այդ կապակցությամբ ԶԼՄ-ների հետ հաճախակի հանդիպումների պատրաստակամություն է հայտնել:
Ամփոփելով ասուլիսըՙ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները լավ են հասկանում ոլորտում առկա իրական դժվարությունները: Նրա համոզմամբ, համակարգը վերազինելուց հետո բարձր տեխնոլոգիաների առումով Արցախը շուտով կդառնա մրցունակ, որից կշահեն նաեւ այդ ծառայություններից օգտվողները:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ