«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


«ԲԵԼԳԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԻՇՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է»

ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` հուլիսի 12-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի հետ: Վերջինս նշել է, որ Բելգիան մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը: Բելգիայի Սենատի նախագահը պաշտոնական այցի հրավեր է փոխանցել ԱԺ նախագահին: Հ. Աբրահամյանը եւս իր խոսքում կարեւորել է երկու խորհրդարանների փոխգործակցությունը ԵԽԽՎ եւ ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում, ինչպես նաեւ Եվրոմիության գործընկերության շրջանակներում Եվրոխորհրդարանի ներքո իրականացվելիք «Եվրոնեսթում»:

Տարածաշրջանային խնդիրներին անդրադառնալիս Հ. Աբրահամյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Արցախի հիմնախնդրի կարգավորման, ինչպես նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցերում` շեշտելով, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է` հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ բանակցային ճանապարհով, ինչին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանն` իր հաճախ հնչեցրած ռազմատենչ հայտարարություններով: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի գործողություններին:

Արման դը Դեկերը, անդրադարձ անելով հայ-թուրքական հարաբերություններին, բարձր է գնահատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները հաստատելու Հայաստանի համարձակ եւ նախաձեռնողական քաղաքականությունը, նշելով, որ Թուրքիայի կողմից նախապայմանների առաջադրումը հիասթափություն է առաջացրել Եվրոմիությունում: Ըստ Սենատի նախագահի ` Բելգիայի խորհրդարանը միշտ Հայաստանի կողքին է, որի մասին փաստում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը Բելգիայի խորհրդարանում 1998 թվականին:

Իսկ արդեն հանդիպման ավարտին, պատասխանելով լրագրողների հարցերին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, Հ. Աբրահամյանը նշել է, որ այս առումով եվրոպական եւ միջազգային կառույցներում զգացվում է ճշգրիտ տեղեկատվության պակաս: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Դեկերն ասել է. «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ է առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»: Անդրադարձ անելով Եվրոմիությունում Բելգիայի նախագահության շրջանում Հայաստանի հետ իր երկրի հարաբերություններին` Դեկերը ցանկություն արտահայտեց խորացնելու դրանք. «Կարծում ենք, որ դրանք էական հարաբերություններ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոմիության համար, որը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված է նախ եւ առաջ առանձնահատուկ հարաբերություններով. Եվրոպայում շատ գործուն, ակտիվ համայնքով, ինչպես նաեւ քաղաքական եւ ռազմավարական շահերով»:

Հայաստանի ԱԺ նախագահը նաեւ հանդիպել է Եվրոխորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի հարցով զեկուցողներ Թոմաս Պորեբայի եւ Չարլզ Թանոկի հետ, պատմել մեր երկրի մասին, ուր նրա խոսքով առկա են ավանդույթներն ու հոգեւոր արժեքները ու դրանց վրա խարսխված եվրոպական արժեքների` ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, ապա եւ ներկայացրել է ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող զարգացումները: Իսկ Եվրոխորհրդարանի պատգամավորները հավաստիացրել են, որ հնարավորը կանենՙ անաչառ տեղեկատվություն ներկայացնելու Հայաստանի մասին Եվրոխորհրդարանին` անթույլատրելի համարելով Եվրոպայում փակ սահմանների առկայությունը 21-րդ դարում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4