Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով երեկ Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու գլխավորած պատվիրակությունը կայցելի Եղեռնի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, այցի ընթացքում նախատեսված են Լեհաստանի արտգործնախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ Լեհաստանի արտգործնախարարը նախօրեին գտնվում էր Վրաստանում: Երեկ Սիկորսկին , ըստ վրացական լրատվամիջոցների, Թբիլիսիում հայտարարել է, թե Լեհաստանը չի հրաժարվում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար «օկուպացված» բառի օգտագործումից:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո Սիկորսկին նշել է. «Մենք չենք գտնում, որ որեւէ մեկը շահել է 2008 թ. պատերազմից: Այդ պատերազմից հետո փոխադարձ մեղադրանքներ են հնչում, բայց Լեհաստանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, եւ դա նշանակում է, որ մենք ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագայում չենք պատրաստվում ճանաչել անջատողական տարածքները»:
Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այնպիսի մոտեցում է ներկայացրել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցում, կարծես այդ տարածքների նկատմամբ հավակնություններ ունի Լեհաստանը:
Հասկանալի է, որ Ռուսաստանի հետ ոչ բարեկամական հարաբերություններն են գուցե ամենից առաջ այսպիսի լեհական մոտեցման հիմքը, սակայն այդպիսի կտրուկ արտահայտությունները չեն կարող վկայել, թե Լեհաստանը զարգացող երկիր է, քանի որ արտաքին գործերի նախարարն առավել քան դոգմատիկ է արտահայտվում:
Խոսելով Աբխազիայից եւ Հարավային Օսիայից` Սիկորսկին Թբիլիսիում հայտարարել է. «Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասն են, եւ մենք գտնում ենք, որ Վրաստանը պետք է վերականգնի իր ընդդատությունը այդ տարածքներում»: Այսօրինակ ձեւակերպումներն ավելի շատ ադրբեջանական հռետորիկան են հիշեցնում:
Ա. Հ.