Այս տարվա հուլիսի 1-ից «Լեհական ավիաուղիները» (LOT) սկսել է իրականացնել Երեւան-Վարշավա եւ Վարշավա-Երեւան ուղիղ թռիչքները: Ավիաընկերությանՙ Հայաստանում գործելու կապակցությամբ երեկ մամուլի ասուլիս էր հրավիրվել, որին մասնակցեցին ԱՊՀ մի շարք երկրներում, այդ թվումՙ Հայաստանում LOT-ի ներկայացուցիչ Յակով Մալեցկին եւ ընկերության այլ ներկայացուցիչներ:
Տեղեկացվեց, որ «Լեհական ավիաուղիները» աշխարհի հնագույն ավիաընկերություններից է, ստեղծվել է 1929-ին: Թռիչքներն իրականացնում է «Բոինգ» եւ «Էմբրայեր» ինքնաթիռներով: Ընկերության տարեկան շրջանառությունը 1 մլրդ դոլարի չափ է: Ամսական իրականացնում է 6 հազար թռիչքՙ 57 ուղղություններով, որից միայն 7-ը Լեհաստանի ներսում: Երկարատեւ թռիչքներ են իրականացվում դեպի Հյուսիսային Ամերիկաՙ Նյու Յորք, Չիկագո եւ Տորոնտո: Երեւանից բացիՙ ծրագրվում է չվերթեր բացել դեպի Թբիլիսի, Կահիրե, Դամասկոս, Հանոյ: Դեպի Հանոյ թռիչքը առաջին երկարատեւ թռիչքը կլինի արեւելյան ուղղությամբ: Ապագայում հնարավոր են թռիչքներ նաեւ դեպի Տոկիո, Դելի:
Ինչ վերաբերում է դեպի Հայաստան թռիչքներին, ապա Յակով Մալեցկին տեղեկացրեց, որ Վարշավա-Երեւան թռիչքներ իրականանում են երկուշաբթի եւ հինգշաբթի, իսկ Երեւան-Վարշավանՙ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Երեւանից Վարշավա թռչելուց հետո ընկերությունն առաջարկում է թռիչքների շարունակում դեպի Փարիզ, Ցյուրիխ, Լոնդոն, Միլան, ինչպես նաեւ Չիկագո, Նյու Յորք, Տորոնտո կամ Լոս Անջելես ինչպես իր ինքնաթիռներով, այնպես էլ գործընկեր ավիաընկերությունների: Ըստ LOT-ի ներկայացուցչիՙ Հայաստանը գեղեցիկ եւ զարգացող երկիր է, եւ իրենք այդ երկրի բնակիչներին առաջարկում են լավ եւ ավելի էժան հնարավորություններ դրսում ապրող իրենց հայրենակիցների հետ հանդիպելու, ինչպես նաեւ արտերկրի հայերինՙ Հայաստան այցելելու համար:
Խոսելով ավիաընկերության առաջարկած սակագների մասին, Յակով Մալեցկին հայտնեց, որ իրենք չեն ցանկանում, որ ընկերության ինքնաթիռները թռչեն դատարկ բազկաթոռներով, եւ նախընտրում են 20 տոմս վաճառել 200 եվրոյով, քան թե 2 տոմս 600 եվրոյով: Իսկ Երեւան-Վարշավա եւ Վարշավա-Երեւան չվերթերի տոմսերի գները 200-250 եվրոյի սահմաններում ենՙ կախված նրանից, թե երբ են դրանք ձեռք բերվում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ