«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


«ԵՍ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ ԱՐՅԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐՈՎ», ԱՍՈՒՄ Է ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐԸ

Հայաստանում է ազգությամբ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը : «Ոսկե ծիրան» փառատոնին նա մասնակցում է«Հոգու խոհանոց» ֆիլմով:

«Չեմ ուզում դրամատիկացնել, թե ինչքան ճգնաժամեր եմ ունեցել` կապված իմ թուրքական ինքնության հետ: Հենց այդ մասին են իմ ֆիլմերի մեծամասնությունը` բացառությամբ «Հոգու խոհանոցի»: Թուրքիան հասկանալու փորձեր են այդ ֆիլմերը: Իմ փորձն ինձ ապացուցեց, որ ամբողջովին չեմ հասկացել այդ երկիրը», երեկ «Գոլդեն Թյուլիփ» հյուրանոցում` ասուլիսի ժամանակ ասաց Ֆաթիհ Աքինը:

Թուրք ռեժիսորը ծնվել է Համբուրգում, 1973 թվականին, ապրում ու ստեղծագործում է Գերմանիայում: Չնայած երիտասարդ տարիքին` արդեն ճանաչված կինոգործիչ է Գերմանիայում: 2003-ին հիմնել է Corazon միջազգային կինոընկերությունը: Ռեժիսորը նշեց, որ իր մասնագիտությանը նայում է որպես արհեստի եւ աշխատում է իր գործը կատարել որպես լավ արհեստավոր, «Մոտավորապես այնպես, ինչպես լավ հյուսնը սեղան է պատրաստում»:

Ինչ վերաբերում է իր թուրքական ծագմանը, Ֆաթիհ Աքինը հավելեց, որ չի մտածում արյան կատեգորիաներով: Ըստ նրա` արյան ծագման մասին մտածելն ինչ-որ առումով շովինիզմի տարրեր է իր մեջ պարունակում: «Ինձ համար արյունը նույնն է, տարբերվում է միայն խմբերով: Եթե այն բաժանում ես կատեգորիաների, ապա այն խանգարում է, որ գլուխդ ազատ լինի», ասաց Ֆ. Աքինը:

Հարցին, թե ռեժիսորն ինչպե՞ս է վերաբերվում տարբեր երկրների մշակույթների բախմանն ու հարաբերություններին, Ֆ. Աքինը տվեց բավականին աբստրակտ պատասխան. «Մի քանի օր առաջ ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ շատ հաջող ելույթ ունեցավ Գերմանիայի հավաքականը: Միայն այս տարի էր, որ ինձ նմանեցրի այդ հավաքականին: Մինչ այս առաջնությունը երկրպագել եմ այլ թիմերի, ոչ թե Գերմանիայի հավաքականին`չնայած ծնվել եմ Գերմանիայում եւ առաջին աղջիկը, որին համբուրել եմ, գերմանացի է եղել: Ինքնությունը պետք է հոսի, այն պետք է միշտ շարժման մեջ լինի»:

Ռեժիսորն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հակամարտությանը: Նրա խոսքով` այս հակամարտությունը հիմնված է վախի վրա, որը հաղթահարելու համար կինոն ունի համապատասխան ուժ: «Ժամանակին ռոքընռոլը եւս շատ արգելքներ հաղթահարեց: Հայ-թուրքական հարաբերություններում ամենակարեւորը այդ վախը հաղթահարելն է», ասաց Ֆ. Աքինը: Այնուհետեւ կինոգործիչը կարծիք հայտնեց Էրիկ Ֆրիդլերի «Աղետ» ֆիլմի մասին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: «Կնոջս համար, որը նոր էր ծանոթանում այդ նյութի հետ, ֆիլմը լուսավորչական նշանակություն ունեցավ: Այն ծանոթացնում է շատ կարեւոր թեմայի հետ», ասաց ռեժիսորը:

Քանի որ Ֆաթիհ Աքինն առաջին անգամ է Հայաստանում, ուստի լրագրողների հետ կիսվեց նաեւ իր տպավորություններով, պարզվեց` Երեւանում անցկացրել է իր կյանքի ամենաշոգ օրերից մեկը: Առաջին հայացքից Երեւանն ընկալել է որպես համեստ ու հյուրընկալ մի քաղաք:

Ասուլիսի վերջում Ֆաթիհ Աքինը նշեց, որ բռնցքամարտուհի Սյուզի Կենտիկյանի երկրպագուն է եւ ներկա է գտնվում նրա բոլոր մենամարտերին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4