«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԲԱՌՈՒՄ Է ԴԱՐԵՐԻ ԼԵԶՎՈՎ

2010 թվականն Արցախում հռչակված է Գանձասարի տարի: Այս հոբելյանը հատկանշվում է Գանձասարի հռչակավոր վանքի` ՍբՀովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 770-ամյա տարեդարձով, որը երկրամասի հոգեւոր-մշակութային ամենախոշոր իրադարձություններից մեկն է, եւ որի պատմարժեք նշանակությունը դժվար է գերագնահատել: Պատահական չէ, որ ԼՂՀ նախագահի եւ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդությամբ այս հոբելյանը նշվում է ամենաբարձր մակարդակով:

Տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումներն արդեն սկսվել են եւ կշարունակվեն մինչեւ աշուն:

Հոբելյանանշման ծրագրի շրջանակներում անցած հանգստյան օրերին Ստեփանակերտում եւ Գանձասարում տեղի ունեցան հոգեւոր-մշակութային տարբեր միջոցառումներ, վերստին ընդգծվեց Գանձասարի իրական նշանակությունը:

Ըստ պատմական աղբյուրներիՙ Գանձասարում, Ս. Հովհաննես Մկրտչի գլխից բացի, ամփոփված են նաեւ քրիստոնեադավան ուրիշ սրբերի մասունքներ: Ասել է, թե Գանձասարը միայն արցախյան հոգեւոր-մշակութային հարստության դիտվածքով չէ, որ գնահատվում է, ունի համամարդկային արժեք, որի մասին գրել են հայ եւ այլազգի մի շարք խոշոր ուսումնասիրողներ ու պատմաբաններ: Հայտնի արվեստաբան Անատոլի Յակոբսոնն, օրինակ, այն իրավամբ անվանել է հայ ճարտարպետության հանրագիտարան:

Գանձասարում է գրվել Պետրոս Մեծին հղված հայտնի նամակը, որով ռուսաց կայսրին խնդրվում էր օգնել` պաշտպանվելու արեւելյան ցեղերի արշավանքներից: Այս իմաստով Գանձասարը եղել է նաեւ ազգային-ազատագրական շարժման յուրօրինակ կենտրոն: Խորհրդային տարիներին, համատարած աթեիզմի պայմաններում եւ Ադրբեջանի խտրական քաղաքականության հետեւանքով, սրբավայրը ժամանակավորապես դադարել էր գործելուց, եւ միայն արցախյան շարժման շնորհիվ ու Արցախյան թեմի վերաբացումով նոր շունչ առավ:

Գանձասարը հոգեւոր հարստության բարձունք է, Արցախի հայկականությունը փաստող անհերքելի կռվան, որը ղարաբաղյան հիմնախնդրի լուծումներում պատմաքաղաքական անխոնջ հուշարար է: Միաժամանակ, Գանձասարը մի սրբավայր է, որն իր եկեղեցազանգ կանչով համախմբում է ի սփյուռս ցրված հայությանը, ավելի պաշտելի դարձնում այս հերոսական հողը: Ճշմարիտ է ասված, որ Արցախը խորապես ճանաչելու համար պետք է անպայման լինել Գանձասարում, որտեղ պատմությունը բարբառում է դարերի լեզվով:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4