«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2010-07-10 | #129, 2010-07-13 | #130, 2010-07-14


«ԱՎՈ ՖՀՄ»-ԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ

«ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերությունից դժգոհ եւ դատարան դիմած քաղաքացիների տառապանքները եւ նրանց նկատմամբ անարդարացի վերաբերմունքը շարունակվում է: Մեր թերթում համառոտ գրել էինք այդ ընկերության ձեռք բերած` իրացման գոտում բնակվող բնակիչներից երկուսի նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին, որոնք ստիպված դիմել են դատարան:

Հիշեցնենք: Աբովյան փողոցի 4/6, բնակարան 3-ի սեփականատեր Ալբերտ Բաբաջանյանը մեզ էր ներկայացրել իր բնակարանի իրացման վերաբերյալ «ԱՎՈ ՖՀՄ» կառուցապատող ընկերության կողմից պայմանագրի մի քանի խախտումները: Ընկերությունը չէր պահպանել Ալբերտ Բաբաջանյանին առաջնահերթության սկզբունքով նոր շենքում բնակարան հատկացնելու կարգը, պայմանագրով նշված ժամկետից ուշ հատկացնելով բնակարանը: Համաձայն պայմանագրի, կառուցապատողը պետք է յուրաքանչյուր ուշացած օրվա համար վճարեր կառուցվող բնակարանի տվյալ պահի շուկայական արժեքի 0,1 տոկոսը, ինչը նույնպես չի արել, կուտակելով 16,7 մլն դրամ տույժ, բայց հրաժարվում է նաեւ դա վճարել: Նախագծային փաստաթղթերից էական շեղումներ կան: Օրինակՙ նախագծով բաց պատշգամբը կառուցապատողը հետագայում փակել է եւ բնակարանի ապագա սեփականատիրոջ վրա հաշվարկել որպես բնակելի մակերես, մինչդեռ բաց պատշգամբը գնահատվում է որպես ոչ բնակելի մակերես եւ ավելի ցածր արժեքով:

«ԱՎՈ ՖՀՄ»-ի դեմ բողոք ներկայացնող մյուս բնակիչը Նալբանդյան 5, տուն 6 հասցեի սեփականատեր Մարինե Ղազարյանն է, որի դժգոհությունը հիմնականում պայմանավորված է նորակառույցՙ Նալբանդյան 7 շենքում իր ստացած բնակարանում աղաղակող շինարարական նորմերի խախտումներով: Մատնանշենք դրանցից մի քանիսըՙ բնակարանը զուրկ է հողակցումից, լոգարանում եւ զուգարանում բացակայում են օդանցքերը, իսկ զուգարանի դուռն ընդհանրապես բացակայում է, լուսամուտագոգերի փոխարեն սալիկներ են դրված, ջրատար խողովակների սանտեխնիկական դռնակները բացակայում են եւ այլն: Տարօրինակ է, թե ինչպե՞ս է Երեւանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունը ընդունել այդ շենքը: Տեսնես ի՞նչն է քաղաքապետարանի չինովնիկների աչքերն այդպես կուրացրել:

Ինչպես նշեցինք վերեւում, անարդար վերաբերմունքը նոր շենքում բնակարան ստացածների նկատմամբ շարունակվում է, ընդգրկելով արդեն դատական ատյանները: Ալբերտ Բաբաջանյանն ու Մարինե Ղազարյանը խմբագրությունում պատմեցին դատարանում տեղի ունեցած զավեշտալի իրավիճակի մասին: Հուլիսի 1-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում լսվում էր Ալբերտ Բաբաջանյանի հայցն ընդդեմ «ԱՎՈ ՖՀՄ»-ի: Սակայն ընկերության փաստաբան Սեյրան Գրիգորյանը բացակայում էր, տեղեկացնելով դատարանին, որ գտնվում է գործուղման մեջ: Փոխարենը եկել էին շենքի շինարարները, որոնք անգամ անձը հաստատող փաստաթուղթ չունեին եւ չէին հասկանում, թե իրենց ինչու են ասել, որ ներկայանան դատարան: Այս հանգամանքերից ելնելով, դատավոր Գագիկ Խանդկարյանը դատը հետաձգեց ... մինչեւ օգոստոսի 31-ը: Կարելի էր ենթադրել, որ ընկերության փաստաբանը շատ երկարատեւ գործուղման էր: Սակայն անմիջապես հաջորդ օրը նշանակված Մարինե Ղազարյանի դատի ժամանակ, որի դատավորը, զարմանալի զուգադիպությամբ, նույն Գագիկ Խանդկարյանն էր, «ԱՎՈ ՖՀՄ»-ի փաստաբան Սեյրան Գրիգորյանը ներկայացավ: Սակայն դա էլ չխանգարեց, որ «արադարադատ» դատավորը այս դատն էլ հետաձգի դարձյալ երկու ամսովՙ մինչեւ սեպետմբերի 1-ը:

Բնականաբար, ե՛ւ Ալբերտ Բաբաջանյանը, ե՛ւ Մարինե Ղազարյանը դատավորի օբյեկտիվության հետ մեծ հույսեր չեն կապում, բայց վճռական են պայքարելու Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված իրենց իրավունքները մինչեւ վերջ պաշտպանելու համարՙ անկախ վերոնշյալ անարդարություններից եւ «ԱՎՈ ՖՀՄ»-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանիՙ նրանց երեսին շպրտած «Գնա քո Հայաստանի Հանրապետության օրենքներով ուր ուզում ես ...» արտահայտությունից:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4