«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԲԱՔՈՒՆ «ԽԵԼՈՔ ՏՂԱ» Է ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՇՆՈՐՀԻՎ

Իսկ Հայաստանը ԱՄՆ-ի համար Իսրայելի նշանակությունն ունի

«Ես չեմ պատրաստվում մասնակցել Ադրբեջանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ես չափից դուրս շատ եմ հարգում ինձ` դրա համար», այսպես է եզրափակվում ադրբեջանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Զարդուշտ Ալիզադեի հարցազրույցը` տրված ադրբեջանական կայքին, որը տրամաբանորեն կարելի է որակել որպես հիասթափություն առաջին հերթին ադրբեջանական քաղաքական վերնախավից: Վերջինից հիասթափված Ալիզադեն ադրբեջանցի հասարակությանն է փոխանցել իր մեկ այլ հիասթափությունը, այս անգամՙ ԱՄՆ-ից եւ պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջանային այցելությունից: «Մինչ մենք միամտորեն հույս ունեինք, թե ահա կգա ամերիկյան ուղղաթիռն ու մեզ միլիոն էսկիմո կբերի` ուղղաթիռը եկավ, բայց մենք չլսեցինք ոչինչ, իսկ չլսեցինք, որովհետեւ այն, ինչ մենք ուզում ենք լսել ԱՄՆ-ից, սկզբունքորեն դեմ է վերջինիս քաղաքական դիրքորոշմանը: Մ. Նահանգները պաշտպանել եւ շարունակում է պաշտպանել Երեւանին, եւ ոչ թե նրա համար, որ հայերին շատ է սիրում, այլ որովհետեւ Հայաստանը այս տարածաշրջանում նրանց համար նույն նշանակությունն ունի, ինչ Իսրայելը Մերձավոր Արեւելքում. երկու երկրներն են պետք են Վաշինգտոնին` տարածաշրջաններում իրավիճակը ապակայունացնելու եւ օգուտներ քաղելու համար», նշել է Ալիզադեն: Իսկ որպես խոսքերի ապացույց ավելացրել է. «Վրաստանում Քլինթոնը շեշտեց, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան օկուպացված են` Մոսկվայից, իսկ ինչպես Բաքվում, այնպես էլ Երեւանում նա որեւէ նման բան չասած Ղարաբաղի վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է հավանական պատերազմի մասին խոսակցություններին եւ դրա հնարավորությանը, ապա ադրբեջանցի վերլուծաբանը նկատել է, որ Բաքվին այդ քայլին դիմել արգելում է առաջին հերթին Մոսկվան. «Չնայած Արեւմուտքն էլ պարտադրում է «խելոք տղայի» պես պահել մեզ, իսկ այն խոսակցությունները, թե օգոստոսին Մեդվեդեւը Երեւան կբերի հակամարտության լուծման վերջնական տարբերակը` մտացածին են. Մոսկվային ձեռնտու է սառեցնել ղարաբաղյան հակամարտությունը, ոչ թե լուծել», նշել է Զարդուշտ Ալիզադեն:

Ստացվում է, համենայն դեպսՙ համաձայն ադրբեջանցի վերլուծաբանի խոսքերի, որ Ադրբեջանին ոչինիչ չի մնում, քան հաշտվել Ղարաբաղի անկախության փաստի հետ, քանի որ «ԱՄՆ-ը պաշտպանում է Հայաստանին, Մոսկվան թույլ չի տալիս Բաքվին պատերազմ սկսել, որը նաեւ Արեւմուտքի սրտով չէ», հետեւաբար, «պատերազմ թույլ չտալով»ՙ Մոսկվան նույնպես «պաշտպանում է Հայաստանին», եւ Բաքվին ոչ ոք «էսկիմո»` այն էլ միլիոն հատ, չի տալիս», այստեղից էլ, թերեւս առաջանում է այն հիասթափությունը, որն ունի Ալիզադեն առաջին հերթին ադրբեջանական քաղաքական վերնախավի նկատմամբ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4