«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԱՅՍ ՏԱՐԻ ԿՍԿՍՎԻ 3 ՆԱԽԱԳԾԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Մեղրու ՀԷԿ, Իրան-Հայաստան նավթատար եւ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ կառավարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ոլորտի այս տարվա ցուցանիշները: Այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 15 տոկոսով, ավելացել է ներքին սպառումըՙ հիմնականում արդյունաբերության մեջ: Ըստ նախարարիՙ 25 տոկոսով ավելացել է հանքանյութի արդյունահանումը:

Ամենամեծ ձեռքբերումն Արմեն Մովսիսյանը համարեց Երեւանի նոր շոգեգազային տուրբինով էներգաբլոկի կառուցումը, ինչը հնարավորություն տվեց խնայողություն ունենալու եւ էլեկտրաէներգիայի սակագները չբարձրացնելու: Այս տարի կսկսվեն մի քանի խոշոր նախագծերՙ Մեղրու ՀԷԿ-ի, Իրանից նավթատար խողովակի եւ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունները: Մեղրու ՀԷԿ-ի հզորությունների մասին տրված հարցին պատասխանելովՙ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտնեց, որ այն կունենա 140 մգվտ հզորություն եւ կարտադրի 800-850 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Արմեն Մովիսյանը նշեց նաեւ, որ Հայաստանի էներգետիկ հզորությունների ավելացման էլեկտրաէներգիայի ավելցուկն իրացնելու խնդիր չի լինիՙ նկատի ունենալով Իրանի հետ կնքված 25 տարվա պայմանագիրը: Ինչ վերաբերում է Թուրքիային էլեկտրաէներգիա վաճառելուն, ապա բանակցությունները շարունակվում են, թուրքական կողմը նույնպես տեխնիկապես պատրաստ է ստանալ էլեկտրական էներգիա, բայց քաղաքական խնդրի առկայությունը հնարավորություն չի տալիս խոսելու, թե երբ դա հնարավոր կլինի:

Իրանից Հայաստան եկող նավթատար խողովակաշարով Հայաստանը կստանա էժան բենզին եւ դիզվառելիք անմիջապես Պարսից ծոցից, որտեղ գները 10-15 տոկոսով ավելի էժան են, քան Միջերկրական ծովի շրջակայքում գտնվող երկրներում: 3-4 անգամ կնվազեն տրանսպորտային ծախսերը, եւ կբարձրանա մեր երկրի անվտանգությունն այս հարցում: Նախարարը հիշեցրեց 2 տարի առաջ ստեղծված վիճակը, երբ ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Հայաստանում վառելիքի խնդիր էր առաջացել, ասելով, որ խողովակաշարի առկայության դեպքում նման իրավիճակ չի լինի:

Կապանի տարածաշրջանում ուրանի հանքավայրերի շահագործման առնչությամբ տեղի բնակչության բողոքների վերաբերյալ էներգետիկայի նախարարն ասաց, որ այս պահին ընթանում են միայն ուրանի պաշարների հետախուզման աշխատանքները, որոնք կտեւեն 2 տարի: Դրանից հետո միայն կորոշվիՙ տնտեսապես շահավե՞տ է դա, թե՞ ոչ եւ որքանո՞վ է անվտանգ կամ վտանգավոր շրջապատի համար:

Նոր ատոմակայանի կառուցման մասին Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ շուտով կհրապարակվի տեխնիկատնտեսական հիմնավորումը, որից հետո ավելի առարկայական խոսակցություն կլինի ԱԷԿ կառուցելու հարցի շուրջը:

Վրաստանի կողմից Հայաստան մտնող գազատարի հնարավոր վաճառքի վերաբերյալ տրված հարցին նախարարը պատասխանեց, որ Վրաստանը նման մտադրության մասին չի հայտնել, եւ խոսքը միայն այդ գազատարը ռազմավարական նշանակության օբյեկտների ցանկից հանելու մասին է: Համենայն դեպս, Արմեն Մովսիսյանի տեղեկացմամբ, այս պահին Հայաստանի կառավարությունը այդ հարցի հետ կապված մտահոգություններ չունի, եւ եթե ապագայում գազատարը վաճառքի էլ հանվի, դա վտանգավոր չի կարող լինել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4