Մայրաքաղաքի եզակի այգիներից մեկը, որը հանրային սեփականություն է, շուտով կվերածվի հերթական vip օբյեկտին: Խոսքը Մաշտոցի պողոտայից մինչեւ Սարյան փողոց ձգվող հատվածի այգու մասին էՙ սկիզբը «Մալիբու» սրճարանից: Կառուցապատման առումով «յուղոտ» պատառ տարածքում նախատեսվում է կառուցել երկհարկանի ստորգետնյա շինություն, որի հարկերից մեկում կլինի ավտոկայանատեղի, մյուսումՙ առեւտրի կենտրոն: Նախատեսվում է կառուցել նաեւ վերգետնյա մեկհարկանի շինությունՙ սրճարանների եւ խանութների համար: Իսկ գլխավոր փոստի դիմացՙ ներկայիս չգործող շատրվանների փոխարեն` հյուրանոց:
Կառուցապատման վերաբերյալ «Երեւաննախագծում» տեղի է ունեցել նախնական քննարկումՙ մասնակցությամբ բնապահպանների, ճարտարապետների միության նախագահի, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության ներկայացուցիչների: Քննարկմանը մասնակից «Թրանսփերենս ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանի ներկայացմամբՙ կառուցապատող ընկերությունը «Նոր Երեւան» ՍՊԸ-ն է, որ պատկանում է «Տաշիր Գրուպին»:
«Նախագիծը խայտառակություն էր: Վերգետնյա մեկհարկանի շինությունն այնքան անճոռնի է, որ անհնար է քաղաքի կենտրոնում նման կառույց պատկերացնել: Փաստորեն սա էլ կժառանգի Օղակաձեւ այգու ճակատագիրը, միայն այն բացառությամբ, որ այստեղ կա մեկ սեփականատեր, եւ վերգետնյա շինությունը լինելու է ապակեպատ», ասաց նա «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում: Հանրային սեփականություն հանդիսացող այգում կան բազմաթիվ ծառեր, բույսեր, որոնք բետոնապատ անապատ հիշեցնող Երեւանի եզակի կանաչ գոտիներից են: «Այգում հիմնականում կարագաչներ եւ սոսիներ են, որոնց կարիքը զգում ենք եւ չպետք է թույլ տալ, որ քաղաքի համար էկոլոգիական առումով շատ արժեքավոր այդ հատվածը վերանա», մտահոգությունն է հայտնում բնապահպան Կարինե Դանիելյանը : Փաստարկը, որ ծառերը կկտրեն, բայց փոխարենը նոր շիվեր կտնկեն, Դանիելյանին չի գոհացնում. լավագույն դեպքում 20 տարի հետո այդ շիվերը ծառ կդառնան: «Ռիսկը հսկայական է: Երեւանն էկոլոգիական լուրջ խնդիրներ ունի, եւ ձեռք տալ սոսիներին` նշանակում է կատարել մարդկանց հանդեպ հանցագործություն»:
Կարինե Դանիելյանը նշում է, որ քաղաքի գլխավոր պողոտան արդեն ութ տարի չի ոռոգվում, քանի որ կանաչ տարածքները գտնվում են ճանապարհի վրա: «Սկզբից ոռոգումն են դադարեցնում, թույլ են տալիս, որ ծառերը չորանան, հետո աղբը չեն հավաքում, դեռ մի բան էլ իրենք են ավելացնում, հետո հայտարարում են, որ պետք է բարեկարգել: Բնապահպանների բողոքին էլ պատասխանում են, թե ինչու եք էս աղբանոցը, առնետանոցը պաշտպանում: Դրանք պետք է անհապաղ կառուցապատել: Բայց որեւէ մեկը չի ասում` տարածքները մաքրենք, գեղեցկացնենք, ծառ ու ծաղիկ տնկենք»:
Կարինե Դանիելյանի ներկայացմամբՙ բնապահպանները դեմ են եւ պահանջել են մինչեւ կառուցապատումը լուրջ եւ բաց քննարկումներ կազմակերպել, որոնց արդյունքում հնարավոր լինի փրկել այգին: Սակայն հաշվի առնելով նախորդ փորձերը` Օղակաձեւ այգի, Դալմայի այգիներ, Գետառ, հազիվ թե որեւէ բան փոխվի: Խնդիրն այս պարագայում ոչ թե բողոքողներն են, այլ կառուցապատողները, նույնն է, թե իշխանությունները, որոնք արդեն ոչ ոքի կարծիքը հաշվի չեն առնում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ