«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#129, 2010-07-13 | #130, 2010-07-14 | #131, 2010-07-15


ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ՞ ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՊԱՏՆԵՇԸ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում այսօր «Միկան» Սկոպիեյում կմրցի մակեդոնական «Ռաբոտնիչկիի» հետ: Վերջինս պայքարը սկսել էր առաջին փուլիցՙ խոշոր հաշիվներով հաղթելով Անդորրայի «Լուսիտանսին» (5-0, 6-0): «Ռաբոտնիչկին» Մակեդոնիայի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղըՙ 26 հանդիպումներում վաստակելով 50 միավոր:

Սկոպիեյի «Գրադսկի» մարզադաշտում հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 20-ին: Խաղը կսպասարկի հունգարացի մրցավար Թոմաշ Բոգնարը: «Միկայի» 60 հոգանոց պատվիրակությունը երեկ առավոտյան Երեւան-Սալոնիկի-Սկոպիե ուղիղ չվերթով մեկնել է մրցավայր:

Նշենք, որ «Լուսիտանսի» հետ «Ռաբոտնիչկիի» առաջին հանդիպմանը ներկա է գտնվել «Միկայի» գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանը: «Ռաբոտնիչկին» ուժեղ թիմի տպավորություն է թողել Ադամյանի վրա: Ըստ նրա, թիմն ունի բրազիլացիներից կազմված հարձակողական հզոր եռյակ, իսկ պաշտպանությունում հուսալի խաղով առանձնանում էր «Ռաբոտնիչկիի» ավագը: Խաղային օղակների միջեւ էլ համագործակցությունը սերտ էր: Այնուամենայնիվ, Արմեն Ադամյանը գտնում է, որ մրցակիցը նաեւ խոցելի տեղեր ունի եւ կարելի է հաղթահարել մակեդոնական արգելքը:

Եվրոգավաթների մրցաշարի շեմին «Միկայի» կազմը համալրել է թիմի նախկին հարձակվող, 35-ամյա Արամ Ոսկանյանը: Նա մրցաշրջանի մեկնարկից առաջ տեղափոխվել էր Տաշքենդի «Լոկոմոտիվ»: Արամն այժմ լավ մարզավիճակում է եւ, անկասկած, օգտակար կլինի հարազատ կոլեկտիվին:

«Միկայի» համար եվրոգավաթների հերթական խաղարկությունը 9-րդն է: Առայժմ միկացիներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլը: Դա 2007-ին էր: Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ «Միկան» հաղթահարեց հունգարական ՄՏԿ-ի արգելքը: Հյուրընկալվելիս «Միկան» պարտվեց 1-2 հաշվով, իսկ սեփական հարկի տակ Արտյոմ Ադամյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց եւ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: «Միկան» հիանալի հնարավորություն ուներ հաղթահարելու նաեւ 2-րդ փուլի արգելքը, սակայն ձեռքից բաց թողեց ուղեգիրը: Սլովակիայի «Արտմեդիայի» հետ սեփական հարկի տակ անցկացրած խաղում «Միկան» մեծ առավելություն ուներ, սակայն միայն 2-1 հաշվով հաղթեց: Իսկ հյուրընկալվելիս զիջեց 0-2 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից:

Վերջին 2 տարիներին եւս «Միկան» ցավալի «սայթաքումներ» է ունեցել: 2008-ին Ինտերտոտոյի գավաթի խաղարկությունում «Միկան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթում էր մոլդովական «Տիրասպոլին», սակայն ընդմիջումից հետո 2 գոլ բաց թողեց ու խաղն ավարտեց ոչ-ոքի: Պատասխան խաղում դարպասները մնացին անառիկ: «Տիրասպոլը» շնորհիվ մրցակցի դաշտում խփած 2 գոլերի, մտավ հաջորդ փուլ:

Անցյալ տարի էլ պատմությունը կրկնվեց: Շվեդական «Հելսինգբորգի» հետ արտագնա խաղում հաշիվը 1-1 էր, սակայն խաղավերջում «Միկան» 2 գոլ բաց թողեց ու ցավալի պարտություն կրեց: Երեւանում էլ զգալի առավելություն ունենալով մրցակցի նկատմամբ, «Միկան» բավարարվեց ոչ-ոքի արդյունքով (1-1):

Որպես կանոն, «Միկան» ավելի հաջող է հանդես եկել եվրոգավաթների պատասխան հանդիպումներում, իսկ առաջին խաղերում պարտվել է, բացառությամբ 2008-ին «Տիրասպոլի» հետ խաղի (2-2): Այսօրվա խաղը եվրոգավաթներում «Միկայի» 20-րդ հանդիպումն է: Թիմը տոնել է ընդամենը 3 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 11 պարտություն: Գնդակների տարբերությունն է 13-34:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4