«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2010-07-14 | #131, 2010-07-15 | #132, 2010-07-16


ԱԼՄԱԹԻՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ՞Ն

Ղարաբաղյան հարցով որեւէ հանդիպում մշտապես պարուրված է եղել գաղտնիքներով. Ալմաթին բացառություն չէ: Ըստ ԵԱՀԿ պաշտոնական կայքիՙ Ղազախստանում նախատեսված է ԱԳ նախարարների հնգակողմ հանդիպում` Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կազմով, սակայն ՀՀ ԱԳՆ-ն մինչեւ երեկ հայտարարում էր, որ «նման հանդիպման անցկացումը դեռեւս հաստատ չէ», ավելին, ըստ «Պանորամա.ամ»-ի «դիվանագիտական աղբյուրների», «Ղազախստանում այս պահին հանդիպման կազմակերպիչները համաձայնեցնում են ԼՂ մասնակցության հարցը, որը բանակցությունների անմիջական մասնակից է եւ տարածաշրջանում լուրջ գործոն»: «Պանորամա»-ի նույն աղբյուրների հաղորդմամբՙ «բացահայտվել» է մեկ այլ գաղտիք եւս, այսպես, ըստ այդ աղբյուրների` Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը բարձրացրել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ տարածքների հարցը` Մարտունու, Մարտակերտի մի մասի եւ Շահումյանի: Նույն աղբյուրը նշում է, որ հենց այս հարցի քննարկումն է եղել Իլհամ Ալիեւի «պետերբուրգյան նեղվածության» պատճառը, մանավանդ որ «հանդիպման մասնակից Մինսկի խմբի համանախագահները ըմբռնումով են մոտեցել ՀՀ նախագահի բարձրաձայնած հարցին»:

Եվս մեկ անգամ շեշտենք, որ այս տեղեկությունների աղբյուրը «Պանորամա.ամ»-ի «դիվանագիտական աղբյուրներն են»: Իսկ ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` «Ղազախստանում հուլիսի 17-18-ը կայանալիք ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ալմաթի»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4