«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#130, 2010-07-14 | #131, 2010-07-15 | #132, 2010-07-16


Ո՛Չ ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԻ ՍՊԱՆԴԻՆ

Երեւանում մեկնարկեց թափառող կենդանիների խնդիրներով 1-ին համաժողովը Կովկասում

Թափառող կենդանիները յուրաքանչյուր քաղաքի ընդհանուր տեսարանի մի մասն են կազմում: Զարմանալին այն է, որ նրանց գոյության համար միջավայր են ստեղծում բնակիչները` փողոցներում աղբ թափելով, այնուհետեւ դժգոհում նրանց ներկայությունից ու սպանում:

Թափառող կենդանիների գոյությունը համաշխարհային հարց է եւ լուծում է պահանջում: Սակայն այս պարագայում խնդիրն այն է, թե հարցն ինչպե՞ս է լուծվելու, ի՞նչ մեթոդ պետք է կիրառել: Աշխարհում ընդունված մեթոդի` ստերջացմանը զուգահեռ պետական ֆինանսավորմամբ կազմակերպություններին տրամադրվում է հսկայական գումար` կենդանիների սպանդ իրականացնելու համար, ինչը ընդունելի չէ: Այդ կապակցությամբ հասարակական կազմակերպություններն ու մասնագետները բազմիցս արձագանքել են, սակայն որեւէ դրական փոփոխություն այդպես էլ չի կատարվել: «Հանուն կենդանիների» հասարակական-բարեգործական կազմակերպության տնօրեն Նունե Մեհրաբյանը , որը բարեգործական հիմունքներով հիմնել է շների կացարան եւ սեփական միջոցներում թափառող կենդանիներին ստերջացնում է, ընդգծում է, որ կենդանիները վտանգ զգալով ավելի են կատաղում: «Բնազդով հասկանալով բնաջնջման վտանգը, նրանք ավելի արագ են բազմանում: Հետեւաբար սպանդը, գիշերային կրակոցները ելք չեն», ասաց նա «Ազգի» զրույցում:

Կարճ ժամանակահատվածում թափառող շների քանակը նորից հասնում է մինչեւ ոչնչացումն առկա քանակին: Միակ ելքն է իրականացնել օրենսդրական փոփոխություններ` նպատակ հետապնդելով կենդանիների նկատմամբ քաղաքակիրթ վերաբերմունք:

Թափառող կենդանիների խնդիրներով առաջին համաժողովը Կովկասում մեկնարկած երկօրյա քննարկման նպատակն է ներկայացնել հանրապետության խնդիրներն ու առանձնահատկությունները, ներկայացնել միջազգային փորձն ու ընտրել լավագույն տարբերակը: Համաժողովին մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ուկրաինայի կենդանիների պաշտպանության ՀԿ-ների ներկայացուցիչներ, կենդանաբույժներ:

«Փրո փոուզ» բարեգործական ընկերության նախագահ Էլսիկ Ազիզյանի ներկայացմամբՙ Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է մրցութային մի շարք ծրագրեր, որոնք այնքան էլ արդյունավետ չեն: «Երեւանում կա 10.000 թափառող շուն: Սրանք պաշտոնական տվյալներն են: Հայաստանում գումար են հատկացնում սպանդի համար, ինչն անթույլատրելի է: Աշխարհն արդեն անցել է ավելի բարեկիրթ միջոցների»:

«Թափառող կենդանիների նկատմամբ կիրառել ստերջացում, սակայն սահմանել վերահսկողություն: Ստիպել կառավարությանը` համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել: Այս առումով չափազանց կարեւոր է փողոցների մաքրությունը: Շատ կարեւոր է նաեւ մարդկանց գիտակցության բարձրացումը: Սրանք անհրաժեշտ ուղիներ են, որ պետք է կիրառվեն Հայաստանում», նշեց Dogs Trust կազմակերպության ներկայացուցիչ Քլարիսա Բոլդվինը :

Համաժողովի ընթացքում մասնագետները կքննարկեն ստերջացման, պատվաստման, կենդանիների խնամքի, կացարանների եւ անհրաժեշտ ֆինանսների խնդիրները: Երկօրյա համաժողովի արդյունքները ամփոփելուց հետո նախատեսվում է մասնագետների հանդիպում Երեւանի քաղաքապետի հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4