Հայաստանի կառավարությունը երեկ որոշակիորեն մեղմացրեց հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ձեռքբերման եւ շահագործման կանոնները: Այդ որոշման մասին լրագրողներին մանրամասներ հայտնեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը: Նա մասնավորապես նշեց, որ մինչ այժմ ՀԴՄ-ներ կիրառող տնտեսվարողները պարտադիր պայմանագիր պետք է ունենային որեւէ սուբյեկտի հետ, անհրաժեշտության դեպքում ՀԴՄ-ի վերանորգման մասին: Այժմ այդ պարտադիր պահանջը վերացել է, տնտեսվարողը, ցանկության եւ հնարավորության դեպքում, կարող է ինքն իր ՀԴՄ-ն կամ ՀԴՄ-ները նորոգել սեփական ուժերով: Ռուբիկ Քոչարյանը հայտնեց, որ պարտադիր պայմանագիրը նախկինում օգտակար էր, որովհետեւ տնտեսվարողները դժվարանում էին ՀԴՄ-ների նորոգման հարցում:
Ա. Մ.