Արդեն 2 տարի է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բարեփոխումների մեջ է: Թատրոնում վերացավ գեղարվեստական ղեկավար հասկացությունը եւ պարտավորությունները դրվեցին գեղ. խորհրդի վրա: Երեկ «Հայելի» ակումբում Սունդուկյանի անվան թատրոնի դերասան Ռազմիկ Խոսրոեւը նշեց, որ բարեփոխումների ընթացքում թատրոնը կորցրեց Վահե Շահվերդյանի նման լավ ռեժիսորին եւ խաղացանկային թատրոն հասկացությունը: «Շահեցինք այն, որ սկսեցին աշխատել դրսից հրավիրված ռեժիսորները», նշեց դերասանը: Դրսից հրավիրված ռեժիսորների մուտքը թատրոն, ներսում, բնականաբար, ընդունվեց ըմբոստությամբ:
Ասուլիսի մյուս բանախոսի` թատերագետ Նվարդ Ասատրյանի խոսքով` թատրոնում իրականացվող բարեփոխումներն ակնհայտորեն ձախողվում են: «Վերեւներում կոնկրետ մարդիկ ծրագիր ունեին գեղարվեստական ղեկավար դառնալու, հետեւաբար պետք էր ազատվել գեղ. ղեկավարից` անձից», ասաց թատերագետը:
Այսօր Սունդուկյան թատրոնի բեմում ով ասես ելույթ է ունենում, մինչդեռ նման ելույթների, համերգների համար կան համերգասրահներ: «Սունդուկյանի թատրոնը դառնում է փորձադաշտ, առանց այն էլ հանրակացարանի տպավորություն է թողնում», հավելեց Ն. Ասատրյանը, իսկ բեմադրիչ Վահան Բադալյանի կարծիքով` թատրոնների մասին մեր տպավորությունները միֆային են: «Հնարավոր չէ առաջ գնալ միայն ամբիցիաներով», նշեց Վ. Բադալյանը: Վերջինիս կարծիքով` պետությունն այնքան գումար է տալիս պետական թատրոններին , որ թատրոններում կարող են հանգիստ ստեղծագործել:
Սունդուկյանի անվան թատրոնի ներկայիս վիճակի մեջ, ըստ Նվարդ Ասատրյանի, իր մեղքի մեծ բաժինն ունի նաեւ Հայաստանի թատերական գործիչների 65-ամյա միությունը` իր կրավորական կերպարով ու հարմարվողականությամբ: «Պաշտոնապես ունենք 2 թատերական միություն, որոնցից ոչ մեկին առանձնապես չի անհանգստացնում ազգային ակադեմիական թատրոնի ճակատագիրը», ասաց թատերագետը:
Ի. Պ.