«Վրաստանի Գերագույն դատարանը, ինչպես մինչ այդ առաջին ատյանի ու վերաքննիչ դատարանները, հլու հնազանդ ենթարկվեց վրացական իշխանությունների կամքինՙ ոտնահարելով արդար դատավարության տարրական սկզբունքները», այսպիսի հայտարարություն է տարածել ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը : «2010թ. հուլիսի 5-ին Վրաստանի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որով հրաժարվեց իմ հորՙ Ռուբեն Չախալյանի, կրտսեր եղբորՙ Արմեն Չախալյանի, եւ իմ գործն ընդունել վարույթ թողնելով մեր նկատմամբ կայացված դատավճիռներն անփոփոխ», ինչն, ըստ Չախալյանի, սպասելի որոշում էր:
Ռուսթավի քաղաքի N6 քրեակատարողական հիմնարկում գտնվող Չախալյանի հայտարարությամբ, դատարանի այդ որոշումը համահունչ է ջավախահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների ոտնահարման վրացական իշխանությունների քաղաքականությանը վերջին շրջանում նոր թափ հաղորդելու միտումներին.
«Քաղաքական եւ տնտեսական ճնշման են ենթարկվում, ոստիկանության հսկողության տակ են գտնվում Ջավախքում գործող հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների ակտիվ անդամները, ազգային գործիչները, հայ ակտիվիստներին ստիպում են հեռանալ երկրից», նշում է տասը տարվա ազատազրկման դատապարտված Չախալյանը: Ըստ նրաՙ նոր դրսեւորումներ է ստանում Վրաստանի հայաբնակ շրջանների (Սամցխե-Ջավախք-Ծալկա) էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխման ավանդական քաղաքականությունը:
«Վերսկսվել է աջարներին Ջավախքում վերաբնակեցնելու գործընթացը, վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացման գործընթացի արագացման ուղղությամբ, աշխատանքից ազատվում են իշխանություններին անցանկալի հայ ուսուցիչները, նոր անուններով է համալրվում ջավախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գործիչների Վրաստան մուտքն արգելող «սեւ ցուցակը», նշված է հայտարարության մեջ:
Այս առնչությամբ միջազգային հանրության աճող մտահոգությանը վրաց իշխանությունները, ըստ Չախալյանի, պատասխանում են ապատեղեկատվություն տարածելով եւ կտրականապես ժխտելով հայ բնակչության նկատմամբ խտրականության փաստերը: Չախալյանը նշում է. «Այս պայմաններում ջավախահայության շրջանում հետզհետե ուժեղանում են դժգոհության, օտարվածության, հիասթափության եւ անտարբերության տրամադրությունները: Դրա վերջին եւ ամենավառ վկայությունը մայիսի 30-ի Վրաստանի ՏԻՄ ընտրությունների ջավախահայության կողմից փաստացի բոյկոտն էր, ինչը վրացական իշխանություններին ստիպեց կեղծել Ջավախքում դրանց արդյունքներըՙ «նկարելով» 75-78% մասնակցություն եւ ստեղծելով իշխող կուսակցության օգտին քվեարկած «մեռյալ հոգիների» ստվար բանակ»:
Այս ամենը հաշվի առնելովՙ Վահագն Չախալյանը հաստատում է միջազգային ատյաններում պայքարելու վճռականությունը, համոզմամբ, որ բանտերի ու հալածանքների միջոցով ջավախահայության բողոքը լռեցնելուն միտված բոլոր քայլերը չեն հասնելու նպատակին: «Մեր պայքարը հանգեցնելու է նրան, որ վրացական իշխանությունները վաղ թե ուշ ստիպված են լինելու ենթարկվել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հրամայականին»:
Իսկ որպեսզի երկխոսության դաշտ ստեղծվի, ըստ Չախալյանի, վրացական իշխանությունները առաջին հերթին պարտավոր են վերջ տալ ճնշումների, սպառնալիքների ու բռնությունների լեզվով ջավախահայության հետ խոսելու իրենց քաղաքականությանը: Հայտարարության համաձայն, պետք է դադարեցնել ջավախահայ հասարակական- քաղաքական գործիչների հետապնդումները, բեկանել անարդար դատավճիռները, թույլ տալ վերադառնալ հալածանքների պատճառով երկրից հեռացած բոլոր հայ ակտիվիստներին, վերացնել Վրաստան մուտք գործելու վրա արգելք դրված հայ գործիչների «սեւ ցուցակը»:
Հայտարարության մեջ Չախալյանը եզրափակում է. «Միջազգային կառույցները պարտավոր են հստակ կեցվածք որդեգրել հայ բնակչության նկատմամբ վրացական իշխանությունների կողմից իրականացվող խտրական քաղաքականության անհանդուրժելիության վերաբերյալ: Երկակի չափանիշները, անորոշ եւ լղոզված քայլերը միմիայն ավելի են խորացնելու խնդիրները, մեծացնելու են անկայունությունը եւ անկանխատեսելի զարգացումների հավանականությունը»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ