Փոխադարձ մեղադրանքների ու ստախոսության մասին հայտարարությունների ֆոնին բավականին դժվար է պատկերացնել, թե ինչպես են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները կամ նախագահները նստում բանակցային սեղանի շուրջը ու փորձում զրուցել, առավել եւս` քննարկել: Այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գալիս են տարածաշրջան ու գնում` փորձելով մեկտեղել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներին, իսկ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին քննարկման թեմա ուղղակի դժվար է պատկերացնել:
Ամեն դեպքում, քանի համանախագահները փորձում են Ալմաթիում այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել, Բաքուն առավել կտրուկ հայտարարություններ է անում: Մասնավորապես, դեռեւս նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կրկին հայտարարել է, թե, պատկերացնո՞ւմ եք, «Ադրբեջանը համաձայն է Քելբաջարի եւ Լաչինի շրջանները հինգ տարվա ընթացքում վերադարձնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»:
Այս պարագայում հենց համանախագահներն էլ պետք է հստակություն մտցնեն այս իրադրության մեջ, ինչի սպասում որեւէ մեկը ունենալ չի կարող, քանի որ այսպիսի հայտարարությունները գրեթե միշտ անպատասխան են մնացել: Սակայն հետաքրքրական է, որ, Մամեդյարովի մատուցմամբ, դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Հայաստանը «համաձայնություն է տվել այդ շրջանները տասը տարում վերադարձնելու առաջարկին, մինչդեռ Բաքուն պահանջում էր մեկ տարում»: Սերժ Սարգսյանի օրոք արդեն, ըստ Մամեդյարովի, ժամկետները Հայաստանը կրճատել է մինչեւ յոթ տարի, իսկ Ադրբեջանն իբր համաձայնել է երեք տարուն:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալության տեղեկացմամբ, Մամեդյարովը նաեւ հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին` պետերբուրգյան հանդիպմանը Ռուսաստանը մի շարք առաջարկություններ է արել, որոնց թվում էլ նշված երկու շրջանների վերադարձը: Մամեդյարովի այս խոսքերի առնչությամբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների սանկտպետերբուգյան հանդիպման ընթացքում»:
Ալմաթիում հուլիսի 17-ին ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարությունների ներկայացուցիչների հնգակողմ հանդիպման առնչությամբ դեռեւս չորեքշաբթի Նալբանդյանը հայտարարեց, որ դա հնարավոր է, բայց վերջնականապես դեռեւս հաստատված չէ:
Իսկ թե ի՞նչ կարող է քննարկվել այդ հանդիպմանը, ու արդյոք դա կլինի տարածքների վերադարձման խնդիր, Նալբանդյանը պարզաբանել էր. «Եթե այդ հանդիպումը կայանա, ապա գլխավոր խնդիրն է լինելու պարզել, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարունակելու բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ Պետերբուրգում»:
Անդրադառնալով Ադրբեջանի` մադրիդյան փաստաթղթի բնույթի մասին վերջին հայտարարություններին, Նալբանդյանը հիշեցրել էր, որ առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը մերժում կամ հերքում է ինչ-որ բան. «Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007 թ. նոյեմբերին կողմերին ներկայացրին մադրիդյան փաստաթուղթը, եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը»: Դրանից հետո, ըստ նախարարի, եղել են մի շարք աշխատանքային առաջարկներ մադրիդյան փաստաթղթի հիման վրա:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ