«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2010-07-15 | #132, 2010-07-16 | #133, 2010-07-17


ԽԱՂԱԼԻՔՆԵՐ` ՈՒՋԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ

«Խաղալիքներ երեխաներին»: Առաջին հայացքից ընդամենը սովորական իր թվացող խաղալիքը երեխայի դաստիարակման ու զարգացման գործում կարեւոր նշանակություն ունի: «Խաղալիքներ երեխաներին» ծրագիրն իրականացնում է Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության «Զապել Եսայան» կանանց ակումբը` Հայաստանի սահմանամերձ գյուղերի մանկապարտեզներին աջակցելու նպատակով:

Արմենական-ՌԱԿ-ի վարչության անդամ, «Զապել Եսայան» ակումբի ատենապետուհի Գայանե Մուրադյանը պատմում է. «Բարեգործական ակցիայի մասին հայտարարությունը տվեցինք 2 շաբաթ առաջ: Յուրաքանչյուր մարդ էլ իր մեջ ունի օգնելու, բարեգործություն անելու ցանկություն, բայց շատերը չգիտեն` ինչպե՞ս դա անել: Նրանց առաջ մղողները, նախաձեռնողները պետք է լինեն քաղաքական կուսակցություններն ու ՀԿ-ները»:

Հայտարարությունը կարդալուց հետո ծանոթ թե անծանոթ շտապել են կուսակցության գրասենյակ` իրենց փոքր միջոցներով աջակցելու գյուղերի մանկապարտեզներին:

Բարեգործական ակցիայի մեկնարկը եղավ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում: Կանանց ակումբի հանգանակած խաղալիքներն առանձնակի ուրախություն պարգեւեցին Ուջանի «Հովիտ» մանկապարտեզի երեխաներին:

«Մինչեւ այսօր խաղալիքներ բերել են միայն ծնողները, բայց այսքան շատ խաղալիքներ մեր մանկապարտեզին առաջին անգամ են նվիրում: Ուզում եմ, որ այս ծրագիրը շարունակական լինի, եւ նման ծրագրեր իրականացնեն նաեւ ուրիշ կազմակերպությունները», ասում է «Հովիտ» մանկապարտեզի տնօրեն Երանուհի Բաբայանը :

«Հովիտ» մանկապարտեզ հաճախում են 3-6 տարեկան 60 երեխա, որոնք ընդգրկված են ավագ ու նախապատրաստական խմբերում:

Դաստիարակչուհի Զարուհի Մուրադյանն ասում է, որ խաղալիքները շատ կարեւոր նվեր են իրենց համար: «Խաղալիքը ճանաչողական նշանակություն ունի, նաեւ ծառայում է որպես դիդակտիկ նյութ: Հանգանակած խաղալիքները կարող ենք օգտագործել նաեւ հանդեսների ժամանակ», ավելացնում է դաստիարակչուհին:

Ուջան համայնքի ղեկավար Առաքել Հարոյանն ասում է, որ Ղարաբաղից 200 երեխաներ ղարաբաղյան պատերազմի տարիներին տեղափոխվել են Ուջան ու բնակվել գյուղի մանկապարտեզում: Տարիների ընթացքում մանկապարտեզը քայքայվել ու ավերվել է: «Հովիտը» փակ է եղել 17 տարի, վերաբացվել է այս տարի հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Վերաբացված մանկապարտեզը դեռեւս չունի խաղահրապարակ ու բավարար կահույք: Տնօրենն ասում է, որ «Զապել Եսայան» ակումբի նվիրատվությունն իրենց համար շատ օգտավետ կլինի:

Առաքել Հարոյանը տեղեկացնում է, որ «Հովիտը» հիմնանորոգվել է վերջերս: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ու «Կամրջակ» բարեգործական միջազգային ընկերությունը 24 միլիոն դրամ են տրամադրել «Հովիտի»-ի հիմնանորոգման ու կահավորման համար: Նորոգվել ու կահավորվել է երկհարկանի մանկապարտեզի միայն մի մասնաշենքը, իսկ մյուսն ավերված վիճակում է:

«Դիմումներ ենք ստացել 240 երեխաների համար, բայց ընդունել ենք 60 երեխայի: Եթե բարեկարգվի ու կահավորվի երկրորդ մասնաշենքն էլ, ապա եւս 180 երեխայի կկարողանանք տեղավորվել», նշում է Երանուհի Բաբայանը:

Գործող ՀԿ-ներն ու քաղաքական կուսակցությունները պետք է իրենց ուշադրության կենտրոնում պահեն գյուղական համայնքների խնդիրները:

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացված է մայրաքաղաքի վրա, բայց չէ՞ որ մայրաքաղաքից դուրս էլ կա հասարակական շերտ: Մեր գյուղական համայնքներն անտեսված են», ասում է Գայանե Մուրադյանն ու կարեւորում. «Քաղաքը պետք է դեմքով կանգնի դեպի գյուղը, որտեղ բազմաթիվ են խնդիրները: Բոլոր երեխաները, անկախ այն բանից, ապրում են գյուղում, թե քաղաքում, պետք է անհոգ մանկություն ունենան: Որքան անհոգ լինի երեխաների մանկությունն, այնքան առողջ հասարակություն կունենանք ապագայում»:

«Զապել Եսայան» ակումբի բարեգործական ակցիային մասնակցել են նաեւ երեխաներ: Նրանք խաղալիքներն անձամբ են տարել կուսակցության գրասենյակ: Նման ակցիաների շնորհիվ է, որ դեռ փոքր հասակից մարդկանց մեջ ձեւավորվում է դիմացինին օգնելու գաղափարը:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Ուջան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4