Հանդես եկան գործարարների եւ դեղարտադրողների միությունները
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ Հայաստանի դեղարտադրողների ու ներմուծողների միությունը (ԴԱՆ) երեկ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Համաձայն փաստաթղթի, կողմերը պետք է նպաստեն սոցիալական գործընկերության, գործարարության զարգացմանը, հավասար մրցակցության ապահովմանը, դեղագործության ոլորտի արտադրության քանակական եւ որակական աճին եւ սպառման ծավալների ավելացմանը, իսկ սոցիալական գործընկերության շրջանակներում իրականացնել համաձայնեցված քաղաքականություն:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀԱԳՄ գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը , տարեկան Հայաստան է ներմուծվում 81 մլն դոլարի դեղ, իսկ արտահանվումՙ 5 մլն դոլարի: Ըստ նրա, ներմուծման նման ծավալը մեծ ցուցանիշ է, մինչդեռ Հայաստանում կան 8-10 խոշոր դեղարտադրողներ, որոնք կարող են փոխարինել ներմուծմանը: Գագիկ Մակարյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում ներդրվում է GMP ստանդարտը:
Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը նշեց, որ Հայաստանում արտադրվող դեղերի մոտ 50 տոկոսն արտահանվում է ԱՊՀ երկրներ, որտեղ դեռեւս ներդրված չէ GMP ստանդարտը: Սակայն արդեն Ռուսաստանում այդ ստանդարտը ներդրվում է եւ 2014-ից կսկսի գործել: Սամվել Զաքարյանի կարծիքով, այդ ժամանակահատվածում Հայաստանում էլ վերոնշյալ ստանդարտին կանցնեն:
ԴԱՆ նախագահը ընդգծեց տեղական դեղարտադրողների օգտին քարոզչություն իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ հայ սպառողը դեռ բավարար վստահություն չունի նրանց նկատմամբ: Սակայն, ըստ Սամվել Զաքարյանի, տեղական դեղերը իրենց որակով չեն զիջում եվրոպական համարժեք դեղերին, բայց շատ ավելի էժան են:
Ա. Մ.