«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2010-07-15 | #132, 2010-07-16 | #133, 2010-07-17


«ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ» ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Շուտով երեք տարին կլրանա այն օրից, երբ կյանքից հեռացավ Մարկոս Գրիգորյանը: 82 տարեկան էր, արվեստագետի հետաքրքրական ճանապարհ անցածՙ ստեղծագործ ու շենացնող մի հոգի, բայց վախճանն էր զարմանալի տխուր եւ մեզՙ առավել պարտավորեցնող...

Պարսկական արդի արվեստի հիմնադիրներից մեկը Նյու Յորքում գեղանկարչության նոր արտահայտչաձեւիՙ հողանկարչության ձեւավորողը եղավ, որ արվեստի կոլեկցիոներ էր նաեւ: Եվ իր շատ յուրօրինակ հավաքածուն, որ համարում էր իր կյանքի գործն ու իմաստը, տարիներ առաջ նվիրել էր հայրենիքին: «Միջին Արեւելքի թանգարան» պայմանական անունը կրող այդ հավաքածուն ժամանակավորապես հանգրվանեց Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանումՙ հետագայում առանձին թանգարանային տարածք տրամադրելու պայմանով: Տարիներն անցան, բայց գործը տեղից չշարժվեց: Քանի ողջ էր Մարկոս Գրիգորյանը, ամեն գնով պաշտպանում էր հավաքածոյի ժամանակավոր ապաստանը, բայց գիտակցում էր, որ իր մահից հետո նրանց ճակատագիրը դժվար է լինելու: Ցնցող էր Մարկոս Գրիգորյանի մահվան հանգամանքը. վերհիշել-վերհիշեցնելու ցավը լռեցնելն ավելի լավ է այս պարագային: Բայց կա անհանգիստ մի զգացողություն, թե խաղաղ չի հանգչում նրա մարմինը Երեւանի քաղաքային պանթեոնում:

«Միջին Արեւելքի թանգարանի» առաջին սրահի մի փոքր հատվածում, ուր Մարկոյի գրադարանն էր ու անձնական իրերը, այս օրերին Մ. Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսն է (դրանից առաջ Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված ցուցահանդեսը եղավ. երկուսն էլ կայացել են վարչապետի գրավոր համաձայնությամբ, մշակույթի նախարարի հաստատմամբՙ թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի դիմումին ի պատասխան):

ԳԱԹ-ի տարածքն առանց այդ էլ մեծ չէ, սեփական ցուցանմուշները դրա կարիքը շատ ունեն: Իրանահայ արվեստաբան-լրագրող Ժանեթ Լազարյանն անհանգստանում է, թե արդյոք ցուցահանդեսից հետո կվերականգնվի սրահի նախկին բովանդակային տեսքը: Իսկ դա նշանակում էՙ վտանգված է թանգարանի ամբողջականությունը, ինչը կազմաքանդվելու հավանականության ենթադրություն է տալիս նրան, ինչպես եւ այս խնդրով մտահոգ բարի կամքի տեր մարդկանց, ինչպեսՙ «Հայրենադարձ իրանահայերի մշակութային հասարակական» կազմակերպությանը (նախագահՙ Երվանդ Մանարյան): Կարծում ենքՙ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանըՙ նույնպես: Ինքըՙ Մարկոս Գրիգորյանն այդ երկրի քաղաքացին էր եւ արժանի քաղաքացին, հարգված ու սիրելի արվեստագետ. պարսիկ երիտասարդ նկարիչները ակնածանքով էին նրան վերաբերվում ու Վարպետ կոչում: Վերջերս Թեհրանում տպագրվեց կյանքից հեռացած նկարիչների մի ալբոմ, որի 2 էջը հատկացված է Մ. Գրիգորյանին: Մայրաքաղաքի համալսարանը հրատարակության է պատրաստում Մարկոս Գրիգորյանին նվիրված գիրք: Նկարչական աճուրդներում նրա գործերի գները աճում են: Ցավոք, Թեհրանի նորաբաց հայկական թանգարանի համար անհրաժեշտ երկու նկար Ժանեթ Լազարյանին չհաջողվեց ձեռք բերել: Այս առիթով Մարկոս Գրիգորյանի զարմիկներն այնքան էլ խանդավառ չէին: Ժանեթ Լազարյանին մտահոգում է հատկապես նրա երեւանյան հավաքածոյի ճակատագիրը: «Պարսկաստանում գեղարվեստի ասպարեզի ավելի քան հարյուր մարդ ստորագրություն հավաքեց Մարկոյի թանգարանի համար», ասում է նա: Եվ քանի որ երեւանյան հավաքածոյի ներկայիս զբաղեցրած տարածքը ԳԱԹ-ին է պատկանում, նա ելքը համարում է Պլեխանովի 52 հասցեիՙ արվեստագետի երեւանյան բնակարանի (որի իրավունքները Մ. Նահանգներում ապրող նրա զարմիկներին է պատկանում) վաճառքը, ապա գնված տունը (նախագծողՙ Ռաֆայել Իսրայելյան) թանգարանի վերածել, որն իրագործելու համար Ժ. Լազարյանը առաջարկում է բացել բանկային հաշվի համար, դիմելով մեր հայրենակիցներին, հնարավորությունների սահմաններում մասնակցել ազգանվեր այս գործին, որի արդյունքում Երեւանը կհամալրվի եւս մեկ մշակութային օջախով: «Հակառակ պարագայում, ցավով նկատում է, Մարկոյից հետք չի մնա այն հայրենիքում, որին նա այնքան սիրում ու այնքան նիրված էր»:

Եվ կա նաեւ մի հույս, թե տան վաճառքի համընդհանուր մասնակցությունը գուցե խանդավառի Մարկոյի զարմիկներին, եւ իրենք էլ աջակցության կամք դրսեւորենՙ ունենալով իրենց ներդրումը: Չէ՞ որ նրա մահից հետո իրենք էին ասում, թե այդ բնակարանից ակնկալիք չունեն, թե հորեղբոր հոգին է այնտեղ:

Այս պարագայում, ինչպես տեղեկացնում է իմ զրուցակիցը, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է պետական կարգավիճակ տալ թանգարանին, ստեղծելով համապատասխան պայմաններ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4