«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


«ԱԶԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՍՊԱՐԵԶՆԵՐՈՒՄ, ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` ԲՈԼՈՐ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՄ»

Կայացավ Արմենական-ՌԱԿ համագումարը

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արմենական-ՌԱԿ կուսակցության վերստեղծումից հետո մեկ տարվա ընթացքում հանրապետության բազմաթիվ քաղաքներում ստեղծվել է ՌԱԿ-ի 20 ակումբ, որոնցից հատկապես երիտասարդական եւ կանանց «Զապել Եսայան» ակումբները աշխույժ գործունեություն են ծավալում: Կայացել է 36 նիստ` քննարկմամբ կազմակերպչական ու սոցիալ-քաղաքական օրակարգային շատ հարցերի:

2009-ի հոկտեմբերի 10-ին թուրքագետների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով: Պատմաբան Սուրեն Սարգսյանի հեղինակությամբ հրատարակվել են «Սահմանադրական Ռամկավար կուսակցության պատմությունն» ու «Հայ ազատագրական պայքարին` արմենական գործիչների գնահատում» գրքերը:

Շնորհանդես նվիրված արեւելագետ պատմաբան Նիկոլայ Հովհաննիսյանի 10-լեզվյան ուսումնասիրությանը Հայոց ցեղասպանության թեմայով, կայացել է Սվազլյան ընտանիքի վերաբերյալ ֆիլմի հրապարակային դիտում: Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել անվճար համերգ: Հնչել է Մոցարտի «Ռեքվիեմը»` Սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ: 2010 թվականը կուսակցության վարչությունը հայտարարել է Արմենական-ՌԱԿ-ի 125-ամյակի տարի, որի շրջանակներում «Վան Վասպուրական» հայրենակցական միության հետ համատեղ կազմակերպել են միջոցառում` նվիրված Վանի հերոսամարտին: Կուսակցության երիտասարդներն էլ մասնակցել են Ռուսաստանի հայերի միության «1.5 միլիոն ծառ անմեղ նահատակի հիշատակին» նախաձեռնությանը, որի մեկնարկը սկսվել է Մարտունի քաղաքից:

Թվարկված միջոցառումները կուսակցության իրականացրած ծրագրերի մի մասն են միայն, որ շաբաթ օրը Թեքեյան կենտրոնում կուսակցության համագումարի ժամանակ հաշվետու զեկույցով ներկայացրեց կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանը :

Կուսակցության հերթական համագումարին 109 պատվիրակներից ներկա էին 100-ը: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ` ողջունելով արմենականներին, ընդգծեց, որ աշխատանքի ժամանակն է, եւ ջանքերը պետք է ուղղվեն պետության կայունացման եւ հայկական պետականության կերտման ուղղությամբ: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ՙ որպես անկախության մատույցներում կանգնած անհատ, կարեւորեց մասնակցությունը հայկական առաջին կուսակցության հետ կապված ցանկացած միջոցառման: «Միշտ հասել ենք հաջողությունների, երբ ժողովրդավարական, ռամկավարական մոտեցումներ ենք հանդես բերել», ընդգծեց նա` բարձր գնահատելով արմենականների անցած ճանապարհն եւ ներկա ընթացքը:

Հաշվետու ելույթի ժամանակ կուսակցության ատենապետն անդրադարձավ երկրի համար կարեւոր մի շարք թեմաների: Ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ` գնահատեց իշխանությունների ջանքերը հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ` պայմանով, որ ապահովվի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը` միաժամանակ արձանագրելով ակնհայտ մարտավարական սխալներ: Դրանց սկիզբը 1994-ին էր, երբ հարցը միջազգայնացվեց, եւ դռները բացվեցին շահագրգիռ կողմերի միջամտությունների համար: «Հարցը բուն էությունից շեղվեց եւ վերածվեց տարածքների վերադարձման խնդրի: Ադրբեջանին թույլ տրվեց ուռճացնել փախստականների խնդիրը եւ առաջ մղել վերադարձի պահանջը, մինչդեռ հայ բռնագաղթածների վերադարձի եւ հատուցման հարցը մնաց ստվերում: ԼՂՀ-ն կորցրեց բանակցությունների անմիջական մասնակցի կարգավիճակը: Երեւանն ու Ստեփանակերտը անհրաժեշտ ծավալներով ու կարեւորությամբ չլծվեցին ԼՂՀ-ն վերաբնակեցնելու ծրագրին, ինչը կդառնար անվտանգության ամենահամոզիչ երաշխիքը», շեշտեց Հ. Ավետիքյանը ` առաջարկելով վերադասավորել դիվանագիտական, քաղաքական ու ռազմական դիրքերը, առավել ակտիվ ու նախաձեռնողական քաղաքականություն վարել` ներգրավելով նաեւ սփյուռքին:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններինՙ Ավետիքյանն ասաց, որ կուսակցության վարչությունը կողմ է հայ-թուրքական հարաբերություններում դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատմանն ու սահմանների բացմանը: Կողմ են Անկարայի հետ խորքային հարցերի` Ցեղասպանության հետեւանքների վերացման եւ հատուցման, Պոլսո հայոց պատիրարքությանը հայկական եկեղեցիների, կառույցների եւ հուշարձանների նկատմամբ վերահսկողական լիազորություններով օժտելու քննարկմանը:

«Թուրքերի հետ երկխոսություն սկսելու Սերժ Սարգսյանի փորձը օգտակար էր միջազգային կարծիքը մեր կողմը շահելու տեսակետից: Թեեւ Անկարան վիժեցրեց նախաձեռնությունը, սակայն իշխանությունները պետք է պատրաստ լինեն կառուցողական երկխոսության: «Ֆուտբոլային դիվանագիտության» փորձը մեզ սովորեցրեց, որ հայկական կողմը չպետք է համաձայնի փաթեթային ընդգրկում ունեցող համաձայնագրի տակ ստորագրելու` խուսափելու համար շահարկումներից եւ նախապայմաններիՙ թուրքական գործելաձեւից: Հայ-թուրքական արձանագրությունների քննարկման բուռն օրերին, երբ նախագահը ձեռնարկում էր համահայկական ուղեւորությունը, եւ ՀՅԴ-ի հրահրմամբ որոշ վայրերում նրան դիմավորում էին ստահակների ամոթալի արարքներով, ՌԱԿ-ի ներկայացուցիչները, հատկապես Բեյրութում եւ Նյու Յորքում, դրսեւորեցին հարգալից վերաբերմունք եւ սատարեցին նախագահի նախաձեռնությանը: ՌԱԿ մամուլի 8 օրգաններից 7-ը անվերապահ աջակցություն ցուցաբերեցին եւ ջրեցին տպավորությունը, թե սփյուռքը գտնվում է ՀՅԴ-ի միահեծան ազդեցության տակ: Սակայն ռամկավարների նման կեցվածքն ըստ արժանվույն չգնահատվեց իշխանություններից», ասաց նա: Անդրադառնալով խոսակցություններին, որ աշնանը հնարավոր է հայ-թուրքական սահմանի ժամանակավոր բացում, առաջարկեց բանաձեւում դրույթ մտցնել, որը թույլ կտա ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ հրաժարվել Թուրքիայի հետ սահմանի բացումից. «Թող թուրքերն էլ անցնեն այն ճանապարհը, որ կտրում են հայերը», շեշտեց Ավետիքյանը:

Ներկայացնելով երկրի տնտեսական վիճակը, Ավետիքյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հատկապես ակնհայտ օլիգոպոլիայի վրա` հավելելով, որ օլիգարխները ոչ միայն փող ունեն, այլեւ իշխանությունՙ որոշում կայացնելու իրավունք: Ինչն էլ համատարած եւ համակարգված կաշառակերության հետ երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն է:

Ատենապետի ելույթից հետո կուսակցության վարչությունը ներկայացրեց իր հրաժարականը: Ձեւավորվեց ժամանակավոր նախագահությունՙ բաղկացած ներկա պատգամավորներից երիցագույնից ու ամենակրտսերից (Լավրենտի Բարսեղյան եւ Անի Հարությունյան), որն էլ անցկացրեց համագումարի նախագահության, հաշվիչ եւ խմբագրական հանձնաժողովների ընտրությունը: Համագումարի նախագահ ընտրվեց ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար Վարազդատ Ավոյանը եւ պատգամավոր Սամվել Տոնոյանը: Այնուհետեւ նախագահությունը տնօրինեց համագումարի ողջ ընթացքը:

Կուսակցության պատգամավորները ներկայացրին Ղարաբաղյան հակամարտության, հայ-թուրքական հարաբերությունների, ներքաղաքական կյանքի, տնտեսության զարգացման, սփյուռքի դերակատարության եւ կրթության հիմնախնդիրների վերաբերյալ կուսակցության դիրքորոշումներն ու առաջարկությունները, որոնք ընդունվեցին միաձայն: Կուսակցության անդամների առաջարկությամբ եւ քվեարկությամբ որոշվեց կրճատել վարչության անդամների քանակը 13-ից հասցնելով 11-ի եւ 3 փոխանդամի: Վարչության կազմի համար կուսակցության ներկայացուցիչներն առաջադրեցին 16 հոգու, որից 10` Արմեն Մանվելյան, Գայանե Մուրադյան, Արթուր Ոսկանյան, Սուսաննա Ղազարյան, Սեյրան Ղարիբյան, Աիդա Անդրիասյան, Սամվել Տոնոյան, Սիրո Գեւորգյան, Սուրեն Սարգսյան, Անի Հարությունյան, փակ եւ գաղտնի քվեարկության արդյունքում ձեւավորեցին կուսակցության վարչության նոր կազմը: Ընտրվեցին նաեւ Հանրապետական վարչության 3 փոխանդամներ:

Միաձայն եւ բաց քվեարկությամբ կուսակցության ատենապետ ընտրվեց Հակոբ Ավետիքյանը:

Նորընտիր ատենապետն էլ ընդգծեց, որ կուսակցության ապագային միտված ծրագրերը բազմաթիվ են` նոր ակումբների հիմնումից մինչեւ կուսակցության կայքէջի բացում, մարդկանց եւ այլ կազմակերպությունների հետ շփումներ, հանդիպումներ, միջոցառումների կազմակերպում: «Եվս մեկ անգամ կուզենայի հիշեցնել մեր գաղափախոսության էությունը: Մենք ազատականներ չենք, ոչ էլ ռամկավարներ: Մենք ռամկավա՛ր-ազատականնե՛ր ենք: Ազատականություն` տնտեսության եւ այլ ասպարեզներում, եւ ռամկավարություն` բոլոր պարագաներում: Զույգ գաղափարախոսություն` միասնության մեջ իրար հակակշռող եւ խթանող: Հավասար առիթ` բոլորի համար, յուրաքանչյուրն իր կարողությունների համեմատ ինքնադրսեւորվելու: Հայաստանը ուշ կամ կանուխ հասնելու է դրան: Ուրիշ ելք չկա», եզրափակեց Ավետիքյանը` կոչ անելով կուսակցականներին հզորանալ խորհրդարանական առաջիկա ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4