«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՊԵՏՔ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ 1994-Ի ՀՐԱԴԱԴԱՐԸ

Քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը անուններ չի տալիս, Ադրբեջանն իր «ռազմերգն է երգելու»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նախապես հայտարարվեց, թե հուլիսի 17-ին Ալմաթիումՙ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա, որը, սակայն, ոչ մի կերպ չէր հաստատվում, բայց եւ այնպես հանդիպումը կայացավ: Հասկանալի է, որ հանդիպման մասնակից յուրաքանչյուր կողմ իրեն հատուկ հայտարարություններով ու մեկնաբանություններով վերադարձավ իր երկիր, սակայն, ընդհանրական տպավորությամբ, Ալմաթիում խոսակցությունը բնավ էլ պարզերից ու հեշտերից չի եղել:

Նախ, հանդիպմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության տեքստը անսովոր երկար է գրված ու բավականին շեշտադրումներ ունի, ինչն այնքան էլ բնորոշ չէ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների ներկայացուցիչներին:

Մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը , Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը , համատեղ հայտարարությամբ հիշեցրել են 2009 թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների աթենքյան հանդիպման համատեղ հայտարարությունը, որում կրկին նշվում էին հակամարտությունը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա լուծելու կողմերի ստանձնած պարտավորությունները: Խոսքը ուժի կամ դրա գործադրման սպառնալիքից հրաժարվելու, պետությունների տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների մասին է:

Հայտարարությամբ ընդգծվում է, որ 2009 թ. հուլիսի 10-ին Լ՚Աքվիլայում Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահների ձեւակերպած եւ հունիսի 26-ին Մուսկոկայում վերահաստատած տարրերը պետք է հակամարտության «արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը լինեն»: Այդ տարրերն, ըստ համանախագող երկրների ներկայացուցիչների, ամբողջություն են ընկալվում, որեւէ տարրի` մյուսների նկատմամբ գերակա ներկայացնելու փորձը «անհնար կդարձնի հավասարակշռված լուծման հասնելու հեռանկարը»:

Հայտարարությամբ երախտագիտություն է հայտնվում Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւին եւ ԱԳ նախարար Լավրովին` այս տարվա հունվարի 25-ին Սոչիում եւ ապա հունիսի 17-ին Պետերբուրգում կազմակերպած հանդիպումներով կողմերի տարաձայնությունները հաղթահարելու նպատակով գործադրած ջանքերի համար:

Այդուհանդերձ, ըստ հայտարարության հեղինակների, մինչ օրս ձեռնարկած ջանքերը տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ բավարար չեն: Մինսկի խմբի համանախագահող երկրները անդրադարձել են հունիսի 18-19-ին տեղի ունեցած բախմանը եւ հրահրիչ հայտարարություններին: Համանախագահողները զգուշացրել են, որ հենց ուժի կիրառումն է ստեղծել ներկա վիճակը, եւ «ուժի նորից օգտագործումը միայն կբերի տառապանքների, կործանման ու սերնդեսերունդ թշնամանքի ու հակամարտության»:

Հայտարարությունը կողմերին կոչ է անում ավելի փոխզիջող լինել, ընդ որումՙ կողմերը պետք էլրացուցիչ քայլեր կատարեն վերահաստատելու 1994թ. հրադադարը եւ ստեղծելու ավելի նպաստավոր պայմաններ հետագա քաղաքական երկխոսության եւ համաձայության հասնելու համար: Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատել են իրենց աջակցությունը` խաղաղ ճանապարհով համաձայնության հասնելու համար, նշելով, որ այդուհանդերձ, հակամարտության կարգավորման գլխավոր պատասխանատվությունը կրում են Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները:

Նալբանդյան. կրկին ապակառուցողական Ադրբեջանը

«Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անելու, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողական, ինչպես միշտ, դիրքորոշման պատճառով», ԱԳՆ հաղորդագրության համաձայն, այսպես է մեկնաբանել Ալմաթիում տեղի ունեցած հանդիպումն ու արդյունքները Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա ներկայացմամբ, հայտարարության մեջ կարեւոր է, որ նշվում է, որ հելսինկյան սկզբունքների, նաեւ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում նշվող դրույթների միջեւ չի կարելի գերակայություն կատարել, չի կարելի ընտրովի մոտենալ այս սկզբունքներին եւ դրույթներին, մինչդեռ Ադրբեջանը կենտրոնանում ու ներկայացնում է ըստ էության միայն մեկ սկզբունք` տարածքային ամբողջականություն:

«Եթե Մուսկոկայի վեց դրույթներից ադրբեջանցիները առանձնացնում են միայն մեկը, ասում են «այո» մեկին, ասում են, թե պատրաստ են աշխատել այս առաջարկների հիման վրա միայն, երբ վերադարձվեն տարածքները: Իրականում իրենք վերցնում են վեցից միայն մեկ դրույթ եւ դա են շահարկում», պարզաբանել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքերով, «եռանախագահող երկրները շատ պարզ եւ բաց ձեւով ասացին, որ սա ապակառուցողական մոտեցում է. չի կարելի խտրականություն դնել այս սկզբունքների եւ դրույթների միջեւ, չի կարելի ընտրովի մոտեցում ցուցաբերել: Այս բոլոր սկզբունքները մշակվել են որպես ամբողջականություն եւ որպես միասնական առաջարկ»:

Նալբանդյանը կարեւորում է, որ հուլիսի 17-ի հայտարարությամբ կրկին շեշտվում է հրադադարի ամրապնդմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: «Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ հրաժարվում է հրադադարի ամրապնդումից: Եռանախագահող երկրները եւս մեկ անգամ շեշտեցին դրա անհրաժեշտությունը, որպեսզի համապատասխան պայմաններ ստեղծվեն բանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի կարգավորման համար», մեկնաբանել է ԱԳ ղեկավարը:

Ինչ վերաբերում է հունիսի 18-ին ադրբեջանցիների կազմակերպած սադրանքին անդրադառնալուն եւ հրահրիչ հայտարարությունների անթույլատրելիությանը, ապա, Նալբանդյանի մատուցմամբ, հստակ է, որ հայտարարության այդ հատվածը վերաբերում է Ադրբեջանին:

Մամեդյարովը կարծում էր, թե Ալմաթիից Բաքու է տանելու ԼՂՀ հարակից շրջաննե՞րը

Ադրբեջանն ափսոսում է, որ Ալմաթիում «գրավյալ տարածքների ազատման որոշում չկայացվեց»: Հայաստանի ԱԳ նախարարի եւ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ համատեղ հանդիպմանն այսպիսի անդրադարձ է արել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Բաքվումՙ Ուկրաինայի ԱԳ նախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ համատեղ ասուլիսում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Մամեդյարովը հայտարարել է, թե Հայաստանը չի համաձայնել Արցախին հարակից տարածքները Ադրբեջանի վերահսկողոթյան տակ դնելու «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»:

Մինչեւ Ալմաթիում կայանալիք հանդիպումը բազմախոս ու արդեն «տարածքներ վերադարձնելու ժամկետներ քննարկելու գնացող» Մամեդյարովը անդրադաձել է հուլիսի 17-ի հանդիպմանը ու թերեւս այն մոտեցմամբ, որ հանդիպումից առաջ ասածների մասին խոսել է ստախոսության մեջ չմեղադրվելու ցանկությամբ:

Մամեդյարովի խոսքերով, իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է «Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատում»: «Եթե Հայաստանը դուրս բերի իր զինուժը Ղարաբաղին հարակից օկուպացված տարածքներից, ապա իրավիճակը կփոխվի. տարածաշրջանում կբացվեն սահմաններն ու հաղորդակցության ուղիները», ասել է Մամեդյարովը, ավելացնելով, թե Ադրբեջանն ուզում է բանակցություններում առաջընթաց տեսնել ու հասկանում է, որ դա երկու կողմերի համար էլ դժվար է:

Միեւնույն ժամանակ, երբ համանախագահները կրկին կոչ են անում զերծ մնալ հրահրիչ հայտարարություններից, Մամեդյարովն այլ բան չի գտել, քան ասել, թե Ադրբեջանի տնտեսական հզորացումը թույլ կտա ղարաբաղյան հարցը լուծել Ադրբեջանի շահերից ելնելով: «Ալմաթիում լարված բանակցություններ էին, որոնց հետեւեցին տարբեր առաջարկություններ», ներկայացրել է Մամեդյարովը, ավելացնելով, թե Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում առաջին հերթին նշվում է իբր տարածքներ վերադարձնելու մասին այն դեպքում, երբ նույն այս վերջին հայտարարությամբ Մինսկի խումբն ընդգծում է որեւէ սկզբունքի գերակա չլինելու ու չներկայացնելու կարեւորությունը:

Առավել հետաքրքրական է, որ Մամեդյարովը բանակցությունների քննարկումների բոլոր հարցերն, ըստ իրեն, ներկայացրել է, իբր թե գաղտնիք էլ չկա: Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքերով, Ադրբեջանն իբր այնքան բարի ու հոգատար է, որ «հասկանում է Հայաստանի վիճակն ու թույլ է տալիս ընտրել Ղարաբաղին միանալու ճանապարհը, որը կարող է լինել նաեւ Լաչինով»:

Մամեդյարովի խոսքերից կարելի է կարծել, թե Ադրբեջանն ամեն ինչ իր համար պարզել ու սպասում է, թե ինչ կանի կամ կասի Հայաստանը: Մինչդեռ ղարաբաղյան հարցի հիմնական լուծողը` Արցախի ժողովուրդը, որ արդեն մի երկու տասնամյակ այդ հարցն իր համար լուծել ու փակել է, որեւէ կերպ չի կարող ընդունել, ընկալել ադրբեջանցու «մարդասիրությունը», որ փորձում է Ադրբեջանի ժողովրդին ու միջազգային հանրությանը մատուցել «բացախոս» Մամեդյարովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4