2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ձեւակերպել է ՀՀ քաղաքացու 121276 անձնագիր, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում այդ թիվը կազմել է 107377:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու 174336 անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումներ են կատարվել, իսկ 2009 թ. նույն ժամանակաշրջանում` 138417:
Երկարաձգվել է ՀՀ 69801 քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 176246:
Անձնագրային եւ վիզաների վարչության գործունեության ծավալների փոփոխությունը պայմանավորված է 2010թ. Շենգենյան համաձայնության պետությունների կողմից 10 տարուց ավելի ժամկետ ունեցող անձնագրերով մուտքի վիզաների տրամադրման սահմանափակմամբ:
2010 թ. 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 6426 անձի, իսկ 2009 թ. նույն ժամանակահատվածում` 2506:
Նշված շրջանում ՀՀ մուտքի արտոնագիր է տրամադրվել 67912 անձիՙ 2009 թ. 1-ին կիսամյակի 46205-ի դիմաց, ինչը պայմանավորված է ՀՀ այցելող օտարերկրացի զբոսաշրջիկների թվի աճով:
2010 թ. 1-ին կիսամյակում կատարվել է նաեւ 99856 քաղաքացիների հաշվառումՙ ըստ բնակության վայրի, 2009 թ. նույն ժամանակահատվածում` 78232:
Հաշվետու ժամանակահատվածում հաշվառումից հանվել է 63198 քաղաքացի, 2009 թ. նույն ժամանակում` 44823:
Հ. Ա.