«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆ

Հուլիսի 17-18-ին պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի, պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ահմադ Վահիդիի, ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի եւ արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ:

Հուլիսի 17-ին տեղի է ունեցել նախարարներ Օհանյանի եւ Վահիդիի առանձնազրույցը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ներկա վիճակն ու հնարավոր զարգացումները: Զրուցակիցները կարեւորել են առկա խնդիրների խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումը` համագործակցությունը, խաղաղությունն ու կայունությունը համարելով կարեւոր նախապայման տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցության ու բարգավաճման համար:

Երկու երկրների պաշտպանության նախարարները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները, գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից:

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նույն օրը տեղի են ունեցել Ս. Օհանյանի հանդիպումները ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի եւ արտաքին գործերի նախարար Մ. Մոթթաքիի հետ: Վերջինիս հետ հանդիպումից հետո տված համատեղ ասուլիսում Հայաստանի պաշտպանության նախարարը կարեւորել է երկկողմանի հարաբերությունների խորացման անհրաժեշտությունըՙ ասելով, որ տարածաշրջանում ծագող ճգնաժամերը կարելի է հաղթահարել միայն կառուցողական երկկողմ եւ բազմակողմ համագործակցության միջոցով:

Իր հերթին Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ պետք է ստեղծել «միջ-տարածաշրջանային մեխանիզմ», որը կօգնի հաղթահարելու տարածաշրջանային ճգնաժամերը:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը Ահմադինեժադին է փոխանցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները: Երկուստեք կարեւորվել են հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները եւ ընդգծվել են դրանց զարգացման լայն հնարավորությունները:

Այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն այցելել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանություն եւ Իրանի թեմի առաջնորդարան, հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4