«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2010-07-16 | #133, 2010-07-17 | #134, 2010-07-20


ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Ավարտվեց «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային 7-րդ կինոփառատոնը: Հուլիսի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում` փակման արարողության ժամանակ, հայտնի դարձան հաղթողների անունները:

«Էկումենիկ» կամ «Եկեղեցիների անկախ ժյուրի»-ի մրցանակին արժանացավ Սուրեն Բաբայանի «Մի՛ նայիր հայելուն» ֆիլմը, իսկ պատվոգրին` Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմը:

Այս տարի փառատոնը ստացել էր շուրջ 500 հայտ: Դրանցից ընտրվել էին 120-ը, որոնք ցուցադրվեցին տարբեր կինոթատրոններում: 45 ֆիլմեր ներկայացվել էին 3 մրցութային ծրագրերում:

ՖԻՊՐԵՍՍԻ-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակը շնորհվեց Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմին:

ՖԻՊՐԵՍՍ-ի ժյուրիի անդամներից Գունար Բերգդալը (Շվեդիա) ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց, որ շատ տպավորված է «Ոսկե ծիրան»-ի առաջընթացով: «Հանդիսատեսի մեծ աճ եմ նկատել: Կինեմատոգրաֆի մշակույթի համար կարեւոր է, որ լավ ֆիլմերը շատ հանդիսատես ունենան», ավելացրեց Գունար Բերգդալը:

Փառատոնի ընթացքում հանդիսատեսն առավել շատ դիտել է Էդգար Բաղդասարյանի «Արարատից Սիոն» եւ Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմերը:

Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի ժյուրին «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակը շնորհեց Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին: Վերջինս ստացավ 1 միլիոն դրամ, մրցանակը հովանավորում էր ՀՀ վարչապետը:

Արդյոք Հայաստանում կպահպանվի՞ լարախաղային արվեստը, կունենա՞ հետեւորդներ, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը կարող են տալ միայն «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի հերոսները` 2 երիտասարդներ, որոնք տարիների ընթացքում հիասթափվում են լարախաղից եւ որոշում ընդմիշտ թողնել այն:

Հայկական համայնապատկերում մրցող ֆիլմերից «Արծաթե ծիրան» մրցանակը ստացավ Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքեւում» ֆիլմը: «Միշտ դեմ եմ եղել ֆիլմերի միջեւ մրցույթի սկզբունքին, բայց այսօր միտքս փոխեցի», մրցանակը ստանալիս ասաց Կ. Շահբազյանը:

Հայկական համայնապատկերի ժյուրին հատուկ դիպլոմ շնորհեց Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վանյան» ֆիլմին: Լիտվահայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմն արժանացավ Հրանտ Մաթեւոսյանի անվան եւ Բրիտանական խորհրդի սահմանած մրցանակներին:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ Մարատ Սարգսյանն իր ֆիլմը ներկայացնելու է Encounters միջազգային կինոփառատոնում, որն անցկացվելու է Միացյալ Թագավորության Բրիստոլ քաղաքում` նոյեմբերի 16-21-ը:

Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթում գլխավոր մրցանակը ստացավ Պավել Կոստոմարովը «Միասին» ֆիլմի համար (Ռուսաստան), իսկ «Արծաթե ծիրան»-ը` Վադիմ Յենդրեյկոն «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար (Շվեյցարիա/ Գերմանիա): «Միասին» ֆիլմը ստացավ 1 միլիոն դրամ, մրցանակը հովանավորում էր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Ժյուրիների որոշումները տեղիք տվեցին իրարամերժ քննարկումների, ինչը շատ նորմալ է որեւէ մրցույթի պարագայում:

«Բոլոր ռեժիսորները մեծամիտ ու էգոիստ մարդիկ են, սակայն պետք է լայնախոհ լինեն եւ կարողանան ներել մրցանակ չստանալու համար», ասուլիսի ժամանակ նշեց «Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանը :

Միջազգային խաղարկային ֆիլմերի ծրագրում այս տարի «Ոսկե ծիրան» մրցանակին արժանացավ թուրք ռեժիսոր Ռեհա էրդեմի «Կոսմոս» ֆիլմը, իսկ «Արծաթ ծիրանը» շնորհվեց Սերգեյ Լոզնիցային` «Իմ ուրախություն» ֆիլմի համար (Գերմանիա/Ուկրաինա/Նիդերլանդներ):

Ընդհանուր առմամբ` ժյուրիների եւ հյուրերի վերաբերմունքը փառատոնի հանդեպ դրական էր: Ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը նշեց. «Իմ երկրում ես ինձ օտարական եմ զգում, իսկ Հայասատանում` ոչ: Այստեղ ինձ զգում եմ լրիվ իմ տեղում»:

Փակման արարողությունը վարում էր Սերժ Ավետիքյանը: Մշակույթի նախարարությունը ոսկե մեդալ շնորհեց ֆրանսահայ ռեժիսորին: Մեդալն անձամբ հանձնեց փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը:

Անկախ իր բոլոր թերություններից «Ոսկե ծիրան»-ը սպասված իրադարձություն է մեր երկրում: Ինչ վերաբերում է թերություններին, Հ. Խաչատրյանը տեղեկացրեց. «Տեսա, որ շատ թերություններ ունենք, դրանք վերացնելու համար աշնանը սեմինար կանենք»:

Հետաքրքրական էր ժյուրիի անդամ, բանաստեղծ եւ արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի դիտարկումը: «Մտահոգված եմ, որ մրցանակ շահած հայկական ֆիլմերը չեն նկարահանվել պետական ֆինանսավորմամբ: Սա ազդանշան է, որ պետական միջոցներով նկարահանմված ֆիլմերը մրցունակ չեն: Կարծում եմ պետք է փոխվի ֆինանսավորման համակարգը, եւ այն իրականացվի ոչ թե չինովնիկների, այլ անկախ ֆոնդի միջոցով: Դա կապահովի թափանցիկություն», ասաց Վ. Մարտիրոսյանը:

«Ոսկե ծիրանը» անցկացվում է մշակույթի նախարարության աջակցությամբ, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Փակման օրը ՎիվաՍել-Մտս-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Ճիշտ է ավարտվեց «Ոսկե ծիրան» 7-րդ փառատոնը, բայց այսօր տխուր օր չէ, հակառակը` ուրախ օր է, որովհետեւ սկսվեց արդեն 8-րդ փառատոնը»:

Փառատոնը փակվեց Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմով:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4