Ըստ ԱԺ լրատվական ծառայության` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 19-ին Ժնեւում մասնակցել է խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին, որին շուրջ 150 երկիր է ներկայացված, 102 խորհրդարանների նախագահներ էլ ելույթ պետք է ունենան: Այսօր սպասվում է Հ. Աբրահամյանի ելույթը: Հաղորդվում է, որ Հ. Աբրահամյանը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկտայ Ասադովի, Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ (նրա հանդիպումների ոչ լրիվ ցանկն է-Մ.Խ.): Մասնավորապես, ըստ ԱԺ կայքի, Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման եւ երկու խորհրդարաննների համագործակցությանը վերաբերող հարցեր (ավելին չի ասված-Մ.Խ.), իսկ ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարեւորել են միջազգային կառույցներում համագործակցությունը եւ երկուստեք նշել, որ տարածաշրջանային հակամարտությունների եւ ճգնաժամերի ընթացքում Հայաստանի եւ Իրանի իշխանություններն աչքի են ընկել հավասարակշռված եւ շրջահայաց մոտեցումներով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրին: Երկու խորհրդարանների նախագահները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով:
Մ. Խ.