Իսկ մինչ այդ` Ֆրենսիս Ռիկարդոնե
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին կքննարկի Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հարցը: Սենատի պաշտոնական կայքէջի համաձայն, քննարկումները տեղի կունենան սենատոր Շահինի նախագահությամբ:
«Ազգն» արդեն ներկայացրել է, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին էր ուղարկել 7-էջանոց մի փաստաթուղթ, որտեղ որոշ բացահայտումներ են արված Մեթյու Բրայզայի քաղաքական անցյալի վերաբերյալ: Սենատի հանձնաժողովի 19 անդամներին ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը ներկայացրել է, որ Ամերիկայի հայկական համայնքը մտահոգված է Բրայզայի թեկնածության առաջադրմամբ, քանի որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ եղած ժամանակ Բրայզան դրսեւորել է կողմնակալ դիրքորոշում, հայկական կողմին ենթարկել է որոշակի ճնշումների եւ ջանքեր է գործադրել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին պաշտոնաթող անելու ուղղությամբ»:
Բացի այս` Հայ դատի հանձնախումբը սենատորների ուշադրությունն էր հրավիրել Բրայզայի կնոջ` Զեյնո Բարանի գործոնին. «Բարանն իր մասնագիտական գործունեությամբ ազդել է ամուսնու քաղաքական գործունեության վրա», նշված էր փաստաթղթում: ANCA-ն նաեւ իր պաշտոնական կայքում ստորագրահավաք էր կազմակերպել` ուղարկելու Սենատ` որպես բողոքի ակցիա: Եվս մեկ թեկնածություն արդեն իսկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման հարց է դարձել երեկ: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան պիտի սկսեր Թուրքիայում Միացյալ Նահանգների նոր դեսպանի նշանակման հարցի քննարկումը: Հայ լոբբիստները հարցեր են պատրաստել դեսպանի թեկնածուին ուղղելու համար:
Հուլիսի սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թուրքիայում Միացյալ Նահանգների նոր դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը: Ֆրենսիս Ռիկարդոնեն ներկայումս Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանի տեղակալն է: Նախկինում որպես դեսպան աշխատել է նաեւ Եգիպտոսում, Ֆիլիպիններում: Որպես դիվանագետ Ռիկարդոնեն երկու անգամ եղել է Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնողի փոխարինող: Խոսում է թուրքերեն եւ այլ լեզուներով: Թեկնածությունը հաստատվելու դեպքում Ռիկարդոնեն կփոխարինի այժմ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիսին, որի թեկնածությունն ԱՄՆ նախագահը առաջադրել է Իրաքում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ կայանալիք քննարկումը կարեւոր առիթ համարեց հստակեցնելու ինչպես Թուրքիայի նկատմամբ ամերիկյան վարչակազմի այսօրվա դիրքորոշումը, այնպես էլ դեսպանի թեկնածուի վերաբերմունքը Հայաստանին առնչվող խնդիրների Հայոց ցեղասպանության, Հայաստանի շրջափակման եւ հայ-թուրքական ձախողված արձանագրությունների վերաբերյալ:
Առաջիկա քննարկման առիթով հայտարարություն է տարածել նաեւ Ամերիկայի հայկական համագումարը: «Համագումարն ակնկալում է, որ առաջադրված Ռիկարդոնեն առնվազն կհորդորի Թուրքիային` վերջ դնել մերժման քաղաքականությանը եւ հաշտվել ցեղասպանության իր ժառանգության հետ», հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին :
Համագումարը, ըստ Արդունիի, նաեւ ապագա դեսպանից ակնկալում է ճնշում գործադրել, որպեսզի «Թուրքիան դադարեցնի Հայաստանի` շուրջ 2 տասնամյակ շարունակվող շրջափակումը, եւ իրականացնի Հայաստանի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու միջազգային պարտավորությունները»: «Լավ կլինի, որ դեսպան Ռիկարդոնեն հետեւի դեսպան Հենրի Մորգենթաուի ավանդույթներին եւ առաջ տանի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետեւանքների ընդունման գործընթացը», նշված է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունում: