Հուսով ենքՙ գործնական եւ անաչառ մոտեցման կարժանանան
«Կրկին նոտարական կոռուպցիայի մասին» ( «Ազգ» , 6 հուլիսի 2010թ.) մեր հրապարակմանն ի պատասխան արդարադատության նախարարությունից ստացանք եւ հրապարակեցինք «Նոտարիատի բարեփոխումների մասին» պատասխան-պարզաբանումը: Դրական համարելով պետական մարմինների նման օպերատիվ արձագանքը մեր հրապարակմանը, միաժամանակ, այդ պատասխանի նկատմամբ որոշ վերապահումներ կատարելու անհրաժեշտություն ենք տեսնում:
Նախարարության պատասխանում պաշտոնապես հայտարարվում է, որ չկա այս ոլորտի վերաբերյալ մի առաջարկ, որ ներառված չլինի իրենց ծրագրերում, եւ որ նախարարության առաջարկները մենք փորձել ենք ներկայացնել որպես սեփական առաջարկներ: Սակայն, մեղմ ասած, այդպես չէ: Պաշտոնական պարզաբանման մեջբերվող միջոցառումների ժամանակացույցում «Կրկին նոտարական կոռուպցիայի մասին» հոդվածում նշված մեր հիմնական առաջարկների վերաբերյալ գրեթե ոչինչ նշված չէ:
Հիշեցնենք վերոնշյալ հոդվածում մեր արած առաջարկները:
Առաջին առաջարկն այն էր, որ հարկ է սահմանել նոտարների կողմից գանձվող պետական տուրքի եւ ծառայության վճարների կոնկրետ չափեր: Այս առաջարկին է միայն անդրադարձել նախարարությունը, ասելով, որ նախատեսվում է «նոտարի մատուցած ծառայությունների սակագների փոփոխություն, այն հաշվարկով, որպեսզի նվազի նվազագույնից մինչեւ առավելագույն գումարի տարբերությունը»: Թերեւս բոլորին է հասկանալի, որ «կոնկրետ վճարների չափն» ու «գումարի տարբերության նվազումը» միանգամայն տարբեր բաներ են: Հույս ունենք, որ նախարարությունն ի վերջո կոնկրետ չափեր կսահմանի, ինչն ընդունված է նման կառույցներում: Ցանկալի է, որ մեր առաջարկը ներառվի նոտարիատի բարեփոխումների ծրագրերում, քանզի կոնկրետ վճարների չափի դեպքում նվազում են կոռուպցիայի համար սողանցքերը:
Երկրորդ եւ առավել կարեւոր առաջարկն այն էր, որ պետտուրքի եւ ծառայության վճարները կատարվեն միայն բանկումՙ նոտարին ներկայացնելով վճարման անդորրագիրը, խստորեն արգելելով առձեռն վճարումը տեղում: Այս մասին, ցավոք, ընդհանրապես ոչինչ չի խոսվում արդարադատության նախարարության մեզ ուղարկած պատասխանում: Մինչդեռ հենց այս ընթացակարգի բացակայությունն է բերում նոտարական կոռուպցիայի ամենալայն դրսեւորումներին:
Մեկ անգամ եւս ներկայացնելով այս առաջարկները, հուսով ենք, որ արդարադատության նախարարությունում սա կհամարեն «գործնական առաջարկ» եւ ինչպես խոստացել են պատասխանումՙ «անաչառորեն» ու նաեւ գործնականում կարձագանքեն դրանց, քանզի կարծում ենք, որ նախարարությունն իրոք ցանկանում եւ արդեն իրականացնում է մի շարք բարեփոխումներ այս ոլորտում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ