«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կայազորային կարգապահական մեկուսարանների եւ կարգապահական գումարտակի ուսումնասիրություն: Երեկ «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ հետազոտության հաշվետվության շնորհանդեսը: Հետազոտությունն իրականացնելիս «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» համագործակցել է պաշտպանության նախարարության հետ: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը : Նա նշեց, որ 2009-ին կատարված հետազոտության նպատակն էր կարգապահական մեկուսարանների եւ կարգապահական գումարտակի պայմաններին ծանոթանալը եւ իրավական, փաստացի հիմքերն ուսումնասիրելը:
«Հետազոտությունը կատարվել է ԵԱՀԿ գրասենյակի այն աջակցությամբ, որը ԵԱՀԿ-ն տրամադրում է բոլոր անդամ պետություններին», ասաց Սերգեյ Կապինոսը:
Ուսումնասիրություններով պարզվել է, որ վերջին տարիներին կատարվում են մեկուսարանների վերանորոգման աշխատանքներ, վերանորոգված մեկուսարաններում պահպանված են ընդհանուր չափանիշները, դրանց սանիտարահիգիենիկ պայմանները կարելի է գնահատել բավարար: Սանիտարահիգիենիկ ծանր վիճակում են այն մեկուսարանները, որոնք դեռեւս չեն վերանորոգվել: Վեդիում, Գյումրիում եւ Էջմիածնում տեղակայված մեկուսարաններում նույնիսկ վերանորոգումից հետո ազատությունից զրկվածների համար ընդունելի պայմանների ապահովումն անհնարին կլինի:
«Կարծում եմՙ այս ուսումնասիրությունը պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող փակ հաստատություններում կարող է նաեւ հասարակական վերահսկողության սկիզբ դառնալ», ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը : Վերջինիս փոխանցմամբ` ձերբակալվածներին ու կալանավորվածներին պահելու օրենքը եւ քրեակատարողական օրենսգիրքը նախատեսում են մշտական, գործող հասարակական վերահսկողություն այդ վայրերում, ինչը, ցավոք, դեռ չի գործում:
Ինչ վերաբերում է կարգապահական գումարտակի հետ կապված ուսումնասիրության արդյունքներին, այս առնչությամբ կարեւոր խնդիր է շարունակում մնալ շենքային պայմանների բարելավումը:
Ի. Պ.