«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2010-07-20 | #135, 2010-07-21 | #136, 2010-07-22


«ԵՍ ԵՂԵԼ ԵՄ ԽԱՐԲԵՐԴՈՒՄ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՈՒՄ»

Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն պատասխանել է սենատորների հարցերին

Երեկվա համարում «Ազգը» տեղեկացրեց, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը այս օրերին «բավական զբաղված է». Վաշինգտոնում քննարկում են «երկու թուրքական պետություններում»` Թուրքիայում եւ Ադրբեջանում, նախագահ Օբամայի ներկայացրած դեսպանների թեկնածուների հարցը: Մեր թերթը երեկ ներկայացրեց Ֆրենսիս Ռիկարդոնեին, իսկ «Բաքու շտապող» Մեթյու Բրայզային ծանոթ ենք դեռեւս Մինսկի խմբից:

Հուլիսի 20-ի քննարկումները Սենատում` Անկարայում Ռիկարդոնեին նշանակելու վերաբերյալ, բավական սուր են եղել: Նախ, ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, սկզբում Ռիկարդոնեն նշել է. «Միացյալ Նահանգների համար գերակայություն է տարածաշրջանային ինտեգրացիային աջակցելը, հետեւաբար Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացումը կնպաստի ողջ Կովկասի կայունությանն ու բարգավաճմանը: Ինչպես նախագահ Օբաման հայտարարեց իր ապրիլքսանչորսյան ուղերձում, հայերը եւ թուրքերը միասին ուժեղ կլինեն, եթե ճանաչեն իրենց միասնական պատմությունը: Ուզում եմ շեշտել նաեւ, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային` վավերացնել խորհրդարանում արձանագրությունները»:

Այնուհետեւ Ռիկարդոնեն «փոքր ինչ լարվել է»: Այսպես` սենատոր Մենենդեսը հետաքրքվել է, թե որպես ԱՄՆ դեսպանՙ ինչպես է նա վերաբերվում Հայոց ցեղասպանությանը. «Մենք պաշտպանում ենք ԱՄՆ ծրագրերը, օրենքները եւ հետաքրքրությունները: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915-ին կատարվածի վերաբերյալ արտահայտվեց բավականին հստակ` դրանք որակելով որպես դարի ամենամեծ կոտորած, նա օգտագործեց «կոտորած» բառը: Նա (Օբաման) շատ անկեղծ էր»:

Այնուհետեւ Ռիկարդոնեն հստակեցրել է, որ ԱՄՆ վարչակազմի նպատակն է հասնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանը: Այդ գործընթացի մի մասը, ըստ դեսպանի թեկնածուի, պետք լիներ «երկու ժողովուրդների ընդհանուր պատմության անկեղծ, ամբողջական եւ արդար գնահատականն ու ճանաչումը»: «Ես, եթե իմ թեկնածությունը հաստատվի, անելու եմ հնարավոր ամեն ինչ այդ ուղղությամբ»,- նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածուն: Սենատոր Մենենդեսը համառորեն շարունակելով Ռիկարդոնեի «հարցաճնշումը», հարցրել է նաեւ, թե Թուրքիայում իր դիվանագիտական ծառայության ժամանակ, Ռիկարդոնեն որեւէ կերպ հարգե՞լ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դեսպանի թեկնածուն նախ ընդգծել է, որ «Թուրքիայում որեւէ հատուկ տեղ չկա հարգելու զոհերի հիշատակը», ապա ավելացրել է. «Ես միայն այցելել եմ ուրվականների քաղաք Խարբերդ: Չգիտեմ` գիտեք այդ մասին, թե ոչ, բայց այդ վայրը հայկական համայնքի կենդանի վայրերից մեկն է: Ես գնացել եմ այնտեղ միտումնավոր, երբ փոխհյուպատոս էի Ադանայում, այնուհետեւ այցելել եմ հայոց պատրիարքարան: Նաեւ օգնել եմ ամերիկահայերին, որպեսզի այցելեն Թուրքիա»:

Սենատի հանձնաժողովը նույն օրը քննարկել է նաեւ Ջեյմս Ջեֆրիին Բաղդադում ԱՄՆ դեսպան նշանակելու հարցը: Այժմ հանձնաժողովի անդամները դեսպանների թեկնածուներին կներկայացնեն նաեւ գրավոր հարցեր, որոնց պատասխանները ստանալուց հետո միայն` հաջորդ շաբաթ, կքվեարկեն դեսպանների հաստատումը կամ չհաստատումը: Իսկ «վերջնական հաստատումները» կլինեն Սենատի լիագումար նիստում:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4