«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2010-07-20 | #135, 2010-07-21 | #136, 2010-07-22


ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՓՈՔՐ ԱՃ ՄԱՅԻՍԻՆ

Սակայն օտարման գործարքների քանակի նվազում

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2010-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13517 գործարք, ինչը 12,6 տոկոսով ցածր է այս տարվա ապրիլի եւ 18,2 տոկոսով բարձրՙ 2009-ի մայիսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ նվազել է 13,9 տոկոսով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ աճել 15,4 տոկոսով: 3339 օտարման գործարքներից առուվաճառքինը կազմել է 82 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում:

Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 65,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2010-ի ապրիլի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մայիսին նվազել է 6,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատՙ աճել 15,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մայիսին ապրիլի համեմատ, սակայն, աճել ենՙ 0,9 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մայիս 2009 թ.Միջին գները (դրամ) մայիս 2010 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2010 թ.
Կենտրոն461300469500469200
Արաբկիր354400392200389300
Քանաքեռ-Զեյթուն274900289700288500
Նոր Նորք225600244700243000
Ավան221500247900242500
Էրեբունի238900252600251400
Շենգավիթ239000262100256900
Դավթաշեն252600280400277200
Աջափնյակ234900242300242300
Մալաթիա-Սեբաստիա218700251200245500
Նուբարաշեն134700145900144500
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից)259700279900277300

Մարզերում, բացառությամբ Երեւանի, մայիսին վաճառվել են 276 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ նվազել է 6,1 տոկոսով, իսկ 2009-ի մայիսի համեմատ աճել 23,2 տոկոսով: Բնակարանների միջին գները մայիսին ապրիլի համեմատ աճել են 0,8 տոկոսով:

Երեւանից հետո ամենաթանկ բնակարանները մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 181 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում)ՙ 165 հազար դրամ է կազմել, Աբովյանում 1 քմ գինըՙ 162 հազար հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 142 հազար դրամ, Իջեւանըՙ 140 հազար դրամ, Գորիսըՙ 139 հազար դրամ, Մասիսըՙ 133 հազար դրամՙ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2010-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 340 գործարք, որից 95-ըՙ Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը 2010-ի ապրիլի համեմատ նվազել է 39,9 տոկոսով, իսկ մարզերում նվազել 19,1 տոկոսով: 2009-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 2,2 անգամ, իսկ մարզերում միասին վերցրածՙ 15 տոկոսով:

Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2010-ի մայիսին ապրիլի համեմատ աճել են 1 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջաններիՙ գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններՄիջին գները (դրամ) մայիս 2009 թ.Միջին գները (դրամ) մայիս 2010 թ.Միջին գները (դրամ) ապրիլ 2010 թ.
Կենտրոն501200487700487200
Արաբկիր396400399200393000
Քանաքեռ- Զեյթուն308700294700293300
Նորք-Մարաշ307700287200286200
Ավան272100251900247700
Էրեբունի281500260300259400
Շենգավիթ271000265900259400
Դավթաշեն297900286100283400
Աջափնյակ274300249400249000
Մալաթիա-Սեբաստիա260300253200246800
Նուբարաշեն155300148400148100
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից)302400289500286700

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները մայիսին ապրիլի համեմատ նույնպես աճել ենՙ 1 տոկոսով, իսկ ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում ենՙ 1 քմ-ն 312 հազար դրամ: Այս ցուցանիշով Ծաղկաձորը զիջում է միայն Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր շրջաններին: Երկրորդը Աբովյանն է. 1 քմ-նՙ 173 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 170 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակըՙ 150 հազար դրամ, Գորիսըՙ 145 հազար դրամ, Իջեւանըՙ 144 հազար դրամ, Նոր Հաճընըՙ 136 հազար դրամ, Եղվարդըՙ 128 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն էՙ 2010-ի մայիսին 2009-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 19,6 տոկոսով, աճուրդով վաճառվող հողերինըՙ 26,9 տոկոսով:

2010-ի մայիսին ապրիլի համեմատ անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն նվազել է 3,1 տոկոսով, իսկ 2009-ի մայիսի համեմատ նվազել 30,3 տոկոսով:

Մայիսին իրականացվել են հիպոթեկային գրավադրման 154 գործարքներ, որից 115-ը` Երեւանում: Հիպոթեկային գրավադրման գործարքներից 84,4 տոկոսն իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 12,3 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2010-ի ապրիլի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը նվազել է 17,2 տոկոսով, ընդ որում Երեւանում` 18,4 տոկոսով, իսկ մարզերում` 13,3 տոկոսով: 2009-ի մայիսի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակն աճել է 2,7 անգամ, ընդ որում, Երեւանում` 3,4 անգամ, մարզերում` 69,6 տոկոսով:

Այսպիսով, 2010-ի մայիսին շարունակվել է անշարժ գույքի գների փոքր աճի մոտ 1 տարի առաջ սկսված միտումը: Սակայն արդեն երկրորդ ամիսն է, ինչ գործարքների, այդ թվումՙ առուվաճառքի, նվազում է արձանագրվում: Հավանական է, որ շուկայի պասիվացման այդ միտումը պահպանվի նաեւ ամռան ամիսներին, իսկ աշնանը վերստին աշխուժացում սկսվի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4