«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#134, 2010-07-20 | #135, 2010-07-21 | #136, 2010-07-22


ԱՐԴԵՆ ՆԿԱՏՎԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՃ` ՉՆԱՅԱԾ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի արդեն նկատվում է ներգնա զբոսաշրջության աճ: Այս մասին երեկ «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանի հյուրանոցների միության տնօրեն Ամալյա Ստեփանյանը : Համաշխարհային տնտեսական ճգնաժամը չէր կարող չանդրադառնալ նաեւ Հայաստանում զբոսաշրջության զարգացման վրա, բայց այս տարի, ըստ Ամալյա Ստեփանյանի, քիչ թե շատ առաջընթաց արդեն կա: Ասուլիսի մյուս բանախոսը` «Անի պլազա» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մկրտիչ Գրիգորյանը , չհամաձայնեց այն սուբյեկտիվ կարծիքին, իբր զբոսաշրջության աճը պայմանավորված է միայն պարսիկների հոսքով. «Կա շոշափելի աճ, իսկ զբոսաշրջիկների հոսքը չի սահմանափակվում միայն պարսիկներով»:

Զբոսաշրջության ոլորտի շատ ծրագրեր եւ պլաններ կապված են հիմնականում 2011-12 թվականներին: Զբոսաշրջության աճը պայմանավորված է նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի նվազումով եւ եվրոպացի զբոսաշրջիկներով, այսինքն` Հայաստան հիմնականում այցելում են Եվրոպայից:

Ներկայումս զբոսաշրջության ոլորտը մի շարք խնդիրներ ունի: Առաջին խնդիրներից է ճիշտ ներդրումային քաղաքականության իրականացումը: Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Եղիշե Թանասյանի փոխանցմամբ` Երեւանից դուրս գրեթե չունենք զբաղմունքի եւ զվարճանքի վայրեր, որտեղ զբոսաշրջիկը կկարողանա իր ազատ ժամանակն անցկացնել:

Հայաստանում զբոսաշրջիկների առաջին հիասթափությունները սկսվում են հենց օդանավակայանից: «Մարդն իջնում է ինքնաթիռից, եւ արդեն օդանավակայանի աշխատողը, տաքսու վարորդը, բեռնակիրը փորձում են դրամ կորզել: Զբոսաշրջիկն արդեն հիասթափված մտնում է հյուրանոց», ասաց Մ. Գրիգորյանը :

Այժմ շատ արագ է փոփոխվում միջազգային զբոսաշրջային պահանջարկը, կարելի էՙ ասել կես տարին մեկ փոխվում է զբոսաշրջիկների ճաշակը: Ե. Թանասյանը նշում է, որ զբոսաշրջային ապրանքը պետք է հարմարեցնել պահանջարկին:

Ճիշտ է, այսօր կա զբոսաշրջիկների ընդհանուր աճ, բայց Եղիշե Թանասյանը նշում է, որ զբոսաշրջիկների այն այցերը, որոնք դիտարկվում են որպես զբոսաշրջություն, ավելի շատ կորպորատիվ բնույթ են կրում. դրանք պետական այցեր են: Ըստ միջազգային սահմանման` զբոսաշրջիկ է համարվում այլ երկիր այցելած այն մարդը, որն առնվազն 24 ժամ անցկացնում է տվյալ երկրում:

Հայաստանյան զբոսաշրջության ամենապիկ շրջանը դեռ առջեւում է. դա սեպտեմբեր ամիսն է: Զբոսաշրջության ոլորտի մասնակիցներն անհամբեր սպասում են սեպտեմբերին, քանի որ այդ ամսին պետք է ապահովեն իրենց շահույթի հիմնական մասը: «Անի պլազայի» գլխավոր տնօրենը նշեց, որ սեպտեմբերին Երեւանն ի վիճակի չէ ընդունելու նման քանակությամբ զբոսաշրջիկների: «Օրինակ` սեպտեմբերի համար բավականաչափ խմբերի մենք ստիպված մերժում ենք», ասաց Մկրտիչ Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հյուրանոցային ծառայությունների գներին ու որակին, Ամալյա Ստեփանյանը տեղեկացրեց, որ արդեն 3 տարի հյուրանոցներն իրենց գները չեն բարձրացրել, բայց հայտնի չէ` ինչ կլինի 2-3 տարի հետո: «Եթե սկսի գործել հյուրանոցային հարկը, դրա հետ կապված կբարձրանան ծառայությունների գները», ասաց Ա. Ստեփանյանը: Վերջինս տեղեկացրեց, որ հյուրանոցների միությունը հյուրանոցների անձնակազմերի համար իրականացնում է վերապատրաստումներ, փորձում են նաեւ վերապատրաստել գլխավոր տնօրեններին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4