«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ինքնորոշման իրավունք

Նման բան դեռ միջազգային հանրությունը չէր տեսել: Երեկ ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում էր` թե որքանով է իրավական Կոսովոյի անջատվելը Սերբիայից: Այլ կերպ ասած միջազգային դատարանը որոշում էր` տարածքային ամբողջականությո՞ւն, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունք: Պատահական չէ, որ Բելգրադում թերթերը լույս տեսան վերնագրով` «Ճշմարտության պահը»:

Պատահական չէ նաեւ, որ դատավարությանը ուշիուշով հետեւում էին ոչ միայն Բելգրադում եւ Պրիշտինայում, այլեւ Իսպանիայում, Չինաստանում...ինչպես նաեւ ամբողջ Հարավային Կովկասում. բոլորն էլ «մեծ հաջողությամբ» կարող են հայտնվել Հաագայում:

Սերբիայի արտաքին գործերի նախարար Վուկ Երեմիչը նախքան դատարանի որոշումը հայտարարել էր. «Արդի աշխարհում յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ամենակարեւորը սեփական անկախության եւ տարածքների պահպանումն է»: Եթե Երեմիչը ավելացներ նաեւ «ամեն գնով» բառերը, ապա իրոք «ժողովրդավարական պետության» ներկայացուցչի տպավորություն կստեղծեր, դեռ մեկ ուրիշ պետության մասին էլ կհիշեցներ: Սակայն Երեմիչն իրեն թույլ չի տվել գործածել «ադրբեջանական բառերը», փոխարենը հույս է հայտնել, որ «ՄԱԿ-ի միջազգային դատարանը իրավական տեսանկյունից միակողմանի որոշում չի ընդունի». «Եթե դատարանը ճանաչի Կոսովոյի անկախությունը, ապա աշխարհում ոչ մի վիճելի սահման չի համարվի անվտանգ», հայտարարել է Երեմիչը: Իր հերթին Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին ` կրկին մինչեւ դատարանի որոշումը, հայտարարել էր, որ Կոսովոն «անհամբերությամբ է սպասում դատարանի որոշմանը եւ տրամադրված է լավատեսորեն. «Սակայն, եթե Հաագայի եկած լուրերը բացասական էլ լինեն, մեզ համար ժամանակը հետ չի տրվի. Կոսովոյի անկախությունը անհերքելի փաստ է, իսկ իմ ժողովրդի ազատությունը` հարատեւ»: Կոսովոյի ժողովրդի ազատության հարատեւության օգտին երեկ հնչել էր մի ծանրակշիռ կարծիք եւս` ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը , ոչ ավել ոչ պակաս, վստահություն էր հայտնել, որ ՄԱԿ-ի միջազգային (անկախ) դատարանը կճանաչի Կոսովոյի անկախությունը. «ԱՄՆ-ը ամբողջովին պաշտպանում է անկախ, ժողովրդավարական եւ բազմազգ Կոսովոյին, որի ապագան կապված է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների հետ համագործակցության հետ: Մենք պաշտպանում ենք տարածքային ամբողջականության սկզբունքը, տվյալ պարագայում` Կոսովոյի», հայտարարել էր ԱՄՆ փոխնախագահը:

Երեւանի ժամանակով ժամը 19:25-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը հրապարակեց իր կայացրած որոշումը համաձայն որիՙ «Կոսովոյի անկախությունը չի հակասում միջազգային որեւէ օրենքի նորմի»: Միջազգային դատարանի նախագահող Խիսասի Օվեդան նկատել է. «միջազգային իրավունքը չի արգելում անկախություն հռչակելուն»: Նշենք նաեւ, որ միջազգային դատարանի որոշումն ունի բացառապես «խորհրդատվական բնույթ» եւ «պարտադիր կիրառելի չէ»:

Ի դեպ, նախքան դատարանի որոշման հրապարակումը բրիտանական Guardian-ը գրել էր. «Կոսովոյի հարցով դատավճիռը կարող է մեծ ազդեցություն ունենալ միջազգային ասպարեզում, ու այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Հյուսիսային Կովկասը, Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսիան եւ Աբխազիան ու Մերձդնեստրը կարող են հետագայում նույն պահանջը ներկայացնել»:

Վերջում եւս մեկ անգամ հիշեցնենք` Կոսովոն, որի բնակչության 90 տոկոսը ալբանացիներ էին, 2008-ի փետրվարին, ԱՄՆ-ի եւ եվրոպական մի շարք երկրների հովանավորությամբ հռչակեց իրեն անկախ պետություն, Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մոտ 80 տոկոսը հայեր էին (ԽՍՀՄ վերջին մարդահամարի արդյունքներով), 1991-ի դեկտեմբերի 10-ին իր տարածքում անցկացրեց ժողովրդական հանրաքվեՙ ունենալով դրա համար բոլոր իրավասությունները եւ հռչակեց իր անկախության մասին` ԽՍՀՄ-ից, ոչ` Ադրբեջանից: Ղարաբաղը որեւէ պետության, բացի ՀՀ-ից, հովանավորություն չուներ: Կոսովոյին այսօր ճանաչել են 69 երկրներ, ԼՂՀ-ին ոչ մի երկիր չի ճանաչել: Միջազգային դատարանը ճանաչեց Կոսովոյի ժողովրդի ինքնորոշումը, Ղարաբաղի ժողովրդինը... նույնպես, հուսով ենք...վստահ ենք:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4