«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԻ ԿՈՉԸ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ. «Ե՞ՐԲ ԵՆՔ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԵՐ ՏՆԵՐԸ»

Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահները հունիսի 26-ին հրապարակեցին ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանվածների վերադարձը:

«Նախագահների համատեղ հայտարարությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանից Հայաստան բռնագաղթած փախստականների շրջանում», երեկ «Հայելի» ակումբում տեղեկացրեց միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը : Փախստականներից շատերը դիմում են նաեւ միգրացիոն ծառայությանը` իմանալու, թե ե՞րբ եւ ինչպե՞ս է կյանքի կոչվելու իրենց վերադարձը:

Ադրբեջանի վարած էթնիկական զտումների հետեւանքով շուրջ կես միլիոն հայեր տարհանվել են իրենց մշտական բնակության վայրերից: Գագիկ Եգանյանի տրամադրած տվյալների համաձայն` Հայաստան են բռնագաղթել 408 հազար հայեր:

Մյուս բանախոսը` Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը նշեց, որ ադրբեջանահայ համայնքը մեծապես նպաստել է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության եւ Բաքու քաղաքի կայացման գործին:

«Դիմում եմ Ադրբեջանի նախագահին. ե՞րբ ենք վերադառնալու մեր տները: Մենք կոչ ենք անում Իլհամ Ալիեւին, որ վերադարձնի մեր ունեցվածքը», հայտարարեց Գրիգորի Այվազյանը: Այն մարդկանց, որոնք ապօրինաբար զբաղեցրել են ադրբեջանահայերի ունեցվածքը, Գ. Այվազյանը խորհուրդ տվեց լքել այն, որովհետեւ այդ ունեցվածքի իրական տերերը վերադառնալու են:

Ներկայիս շուկայական գներով` Ադրբեջանում հայերի թողած ունեցվածքը` անշարժ գույքը, ըստ Գ. Այվազյանի, կազմում է 700 միլիարդ դոլար, դրան գումարած նաեւ 100 մլրդ դոլար` իրենց հասցված բարոյական վնասի համար:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4