«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ԻՐԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ «ՍԵՎ ԿԱՏՈՒ Է ԶԲՈՍՆՈՒՄ»

«Ադրբեջանում աչք են փակում այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղն ու Նախիջեւանը պատմականորեն Արեւելյան Հայաստանի մաս են կազմել, որոնք ԽՍՀՄ օրոք ձեւավորվել են որպես ինքնավար հանրապետություններ: Նախիջեւանից ադրբեջանական կառավարությունը ապօրինաբար հայերին դուրս է հանել, իսկ Ղարաբաղի բնակչությունն իր արդարացի պայքարի շնորհիվ այսօր ինքնորոշված է», այս մեջբերումն արված է իրանական «ԻՌԻԲ» կայքից: Սա նշանակում է, որ նախ, իհարկե, Իրանն այս տարածաշրջանում, ավելի, քան որեւէ մեկը, տեղյակ է իրական հայոց պատմությանը, իսկ բացի սրանից` Իրանում «ինչ-որ բանից նեղացած են» Ադրբեջանից: Առհասարակ Իրան-Ադրբեջան «հակամարտությանը» մեր թերթը բազմիցս անդրադարձել է, մանավանդ, երբ հանկարծ Կովկասում հայտնվում է Իսրայելը, Թեհրանն անմիջապես վերհանում է այդ «հակամարտության» վերաբերյալ խոսակցությունները: Իրանական բազմաթիվ լրատվական գործակալություններ մեղադրում են Բաքվին իրանական տարածքների նկատմամբ հավակնությունների համար` չմոռանալով «հիշեցնել», որ Ղարաբաղը բնիկ հայկական տարածք է: Այս ամենը, ըստ «Արդի Իրանի ուսումնասիրության» ադրբեջանական կենտրոնի տնօրեն Ռաջափ Սաֆարովի, անթույլատրելի է, քանի որ` «Ադրբեջանի համար խիստ վտանգավոր է թշնամի Իրանը»: Սաֆարովը իր պնդումը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Նախ Բաքվի հակաիրանական քայլերըՙ ԱՄՆ-Իսրայել դաշինքին մոտենալը, կբերեն նրան, որ Թեհրանը էլ ավելի կսերտացնի հարաբերությունները Երեւանի հետ, այդ թվումՙ Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշման առումով, բացի այդՙ Իրանից հեռանալը կառաջացնի նաեւ Մոսկվայի զայրույթը, մանավանդ եթե հաշվի առնենք, թե ո՞ւր է հեռանում Բաքուն Իրանից», նշել է Սաֆարովը` հավելելով, որ առավել անթույլատրելի է Բաքվին խոսել Իրանի հետ ռազմական ճանապարհով հարցեր լուծելու մասին. «Դա, մեղմ ասած, անհեռանկարային է Ադրբեջանի համար», ընդգծել է ադրբեջանցի իրանագետը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է Իրանն ուժեղացնում իր հյուսիսային սահմանների վերահսկողությունը (Ադրբեջանի հետ), Սաֆարովը պատասխանել է` «որովհետեւ զգուշանում է Իսրայելից»: Սրանով իրանագետն ապացուցել է այն տեղեկությունների իսկությունը, որ Ադրբեջանի հարավում տեղակայված են ամերիկա-նաեւ իսրայելական հետախուզական կենտրոններ: Հիշեցնենք` այս մասին վկայում են իսրայելական մի շարք լրատվամիջոցներ:

Սակայն, ինչպես երեւում է, հայրենի երկրում այդքան էլ չեն հավատում Սաֆարովի նախազգուշացումներին: Քանի որ, ինչպես գրում են իրանական կայքերը` «Իրանի հյուսիսի նահանգներում շարունակվում են Ադրբեջանի կողմից հովանավորվող խռովությունները, որոնց նպատակն է Իրանի հյուսիսային նահանգները ներառել մեկ, նոր անկախ պետության կազմի մեջ»:

Իսկ Ադրբեջանում շարունակում են սեփականաշնորհել իրանական մշակույթն ու մշակույթի գործիչներին, Բաքվի դպրոցներում շարունակում են դասավանդել դասագրքերով, որտեղ «Իրանն առաջացել է ադրբեջանական տարածքներում...»: Այս «փոքրիկ հարցերը» չեն կարող լուրջ հետեւանքներ չունենալ: Այսպես` «Պանորամա.ամ» կայքը մեջբերել է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հրապարակումը, ըստ որի. «Իրան-Ադրբեջան գազային պայմանագիրը հնարավոր է որ չեղյալ հայտարարվի: Ադրբեջանից օրական 1 միլիոն խորանարդ մետր գազ Իրանի տարածքով առաքվում է Նախիջեւան: Սակայն վերջերս Ադրբեջանի, Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ նոր պայմանագիր է ստորագրվել, ըստ որի` նախատեսվում է Ադրբեջանի տարածքից տարեկան 500 միլիոն խորանարդ մետր գազ արտահանել Թուրքիա, որտեղից էլ առանց տարանցման վճարների Թուրքիան ադրբեջանական գազը կառաքի Նախիջեւան»: Իսկ Իրանի «Գազի արտահանման ազգային ընկերության» նախկին տնօրեն Սեյյեդ Ռզա Քեսային «ՄԵՀՐ»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ անցած 6 տարիների ընթացքում «Իրանն անշեղորեն կատարել է պայմանագրի դրույթները», իսկ էներգետիկայի հարցերով փորձագետ Նարսի Ղորբանը նշել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կնքված պայմանագիրն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում:

Իսկ մեզ մնում է մոտիկից հետեւել մեր երկու հարեւան երկրների հարաբերություններին, քանի որ նաեւ դրանից է կախված ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը:

Հ. ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4