«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵՑ «ԼՈՒՅՍԻ» ԿՐԹԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ հանդիպեց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներին, շնորհավորեց աշխարհի առաջնակարգ ուսումնական հաստատություններ ընդունվելու եւ «Լույս» հիմնադրամում էլ կրթաթոշակի արժանանալու պայքարում հաղթող ճանաչվելու համար: Նախագահը նկատեց, որ ներկայումս որակյալ կադրերի պակասը մեծ խնդիր է, ուստի լավ կրթված երիտասարդ կադրերի պահանջարկ կա, որոնցով, Հայաստանի նախագահի խոսքով, պետք է համալրել մեր պետական ապարատը, դրան նոր շունչ հաղորդել եւ դարձնել ավելի արդիական, ինչի համար անհրաժեշտ են մարդիկ, ովքեր ունեն գիտելիք, ակտիվ դիրքորոշում եւ պատրաստ են ծառայել պետության հզորացմանը: Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ եթե նրանցից մեկը կարողանա իր գործունեությունը շարունակել այնպիսի ոլորտներում, գիտական այնպիսի հաստատություններում, որոնք Հայաստանում բացակայում են, դա միայն խրախուսելի կլինի, քանի որ շահավետ կլինի նաեւ մեր երկրի ու ժողովրդի համար: Նման պարագայում, ըստ նախագահի, որեւէ մեկը չի կարող նրանց կշտամբել, թե ինչու ընտրեցին այդ ճանապարհը եւ չվերադարձան Հայաստան.«Բայց եթե դուք Հայաստան չվերադառնալով` դրսում անեք այդ աշխատանքը, որ կարող եք այստեղ անել, ձեզ որեւէ մեկը չի հասկանա», ասաց նախագահ Սարգսյանը կրթաթոշակառուներին:

Այնուհետեւ տեղի է ունեցավ զրույց ուսանողների հետ, նախագահը պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: «Լույս» հիմնադրամի կայացումը ուսանողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը իր համար անձնական ուրախություն ու ոգեւորության աղբյուր համարեց:

«Լույս» հիմնադրամի նախորդ եւ գալիք ուսումնական տարիների կրթաթոշակառուները Հայաստանում են` մասնակցելու համար հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4