Որպեսզի վերջ տա «հայկական դատարանների խեղկատակությանը»
«Այսօր իմ մասնագիտությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն է, իսկ նրանք, ովքեր ի պաշտոնե են զբաղված դրանով... պարզապես տղերքը փող են աշխատում», «Իրատես» մամուլի ակումբում երեկ սեփական իրատեսությունը այսպես ներկայացրեց «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Նաիրի Բադալյանը : Իսկ որպես խոսքերի ապացույց` նշեց, որ միջազգային գրեթե բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները անցած տասը տարիների ընթացքում արձանագրել են իր անձի նկատմամբ մարդու իրավունքների խախտումներ. «Սակայն ոչ մի հայկական նման կազմակերպություն որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ», շեշտեց Բադալյանը:
Այժմ ԱՄՆ-ից քաղաքական ապաստան ստացած բանախոսը նշեց, որ Հայաստանում է այս տարվա մարտի մեկից եւ նույն ամսի 29-ին ՀՀ զինվորական դատախազից «աննախադեպ» նամակ է ստացել. «ՀՀ զինվորական դատախազությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ինձանից իմ արդարացման մասին որոշում կայացնելուց տասը տարի անց: Սա, կարծում եմ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է, երբ պետությունը պաշտոնապես ներողություն է խնդրում քաղաքացուց», նշեց Բադալյանը: Սակայն բանախոսի պահանջը ՀՀ-ից այս «ներողությամբ» չի բավարարվել. Բադալյանը իրեն խոշտանգումների ենթարկելու, առողջությանը վնաս հասցնելու, կրած բարոյական վնասի համար ՀՀ-ից պահանջում է ավելի քան 10 մլն ամերիկյան դոլար. «Ուզում եմ շեշտել, որ իմ պահանջած գումարի չափը ինքնանպատակ չէ, եթե այն Հայաստանի համար խոշոր է, միջազգային չափանիշներով նորմալ է, բացի այդՙ Կանադայում կա նախադեպ, երբ պետությունը քաղաքացուն փոխհատուցել է հենց այդ չափի գումար», ասաց Բադալյանը: Իսկ իր պահանջի բավարարմանը հասնելու համար բանախոսը այսօրվա դրությամբ 2 հայց ունի Վճռաբեկ դատարանում, եւս երկուսը` Վերաքննիչում, եւ մեկ ամբողջական հայց (ոը ներառում է 3 հայց) Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում. «Ասեմ, որ որեւէ հույս չունեմ վերոհիշյալ դատական ատյանների վճիռների հետ կապված, պարզապես այժմ պատրաստվում եմ դիմել միջազգային դատարան` ընդդեմ ՀՀ-ի. ես սպասում եմ այդ վճիռներին, որպեսզի դրանք ներկայացնեմ միջազգային դատարանում եւ վերջ տամ հայկական դատական համակարգի խեղկատակությանը», ընդգծեց Նաիրի Բադալյանը:
Վերջում բանախոսը նշեց, որ ինքն ամենեւին էլ չի բողոքում 1999-2000 թթ. իր անձի նկատմամբ իրականացված խոշտանգումների համար. «Ես բողոքում եմ 1999-2010-ի ընթացքում կատարված բոլոր հանցագործությունների համար եւ պահանջում եմ, որ Հայաստանը երկիր լինի, որ պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները: Իմ հայցադիմումն ուղղված է ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, զինվորական դատախազին եւ ոստիկանապետին», եզրափակեց Նաիրի Բադալյանը:
Հ. ԱՖՅԱՆ