Բոլոր ցուցանիշների գծով «Ամերիաբանկն» առաջընթաց է արձանագրել
«Ամերիաբանկի» եւ «Կասկադ բանկի» միաձուլման գործընթացի ավարտի մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ամերիաբանկի» տնօրենության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը : Մամուլի ասուլիսին, որին մասնակցում էր նաեւ «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, տեղեկացվեց, որ ՀՀ Կենտրոնական բանկը հունիսի 16-ին գրանցել է «Ամերիաբանկի» եւ «Կասկադ բանկի» միացման պայմանագիրը: Միացման արդյունքում «Ամերիաբանկը» կպահպանի իր գործունեությունը նաեւ որպես «Կասկադ բանկի» իրավահաջորդ, ապահովելով հաճախորդներին սպասարկման առավել որակյալ եւ երաշխավորված բանկային ծառայություններով:
Միաձուլման արդյունքում «Ամերիաբանկը» կանոնադրական կապիտալի ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է 1-ին տեղը, ընդհանուր կապիտալովՙ 2-րդ տեղը, ակտիվների, վարկային ներդրումների ցուցանիշներովՙ 3-րդ տեղը:
«Բանկի շահույթը 2010-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 1,3 մլրդ դրամՙ 2009-ի նույն ժամանակահատվածի 694 մլն դրամի փոխարեն: Տարեկան արդյունքով ակնկալվում է, որ այս ցուցանիշը կկրկնապատկվի», ասաց Արտակ Հանեսյանը: Նրա հավաստիացմամբ, տարեկան արդյունքներով բանկը ծրագրում է ավելացնել ակտիվները 16 տոկոսով, պարտավորություններըՙ 20 տոկոսով, վարկային ներդրումներըՙ 23 տոկոսով, ավանդներըՙ 12 տոկոսով:
Ինչ վերաբերում է վարկավորման ուղղվածությանը, ապա «Ամերիաբանկի» տնօրենության նախագահ-գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, բանկի վարկերի գերակշռող մասն ուղղված է հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության ֆինանսավորմանը: Բանկը նաեւ միջոցներ է ներգրավել միջազգային ֆինանսական կառույցներից: Մասնավորապես, 9 մլն դոլար է ներգրավվել Միջազգային ֆինանսական կորպորացիայից եւ Վերականգնման եւ զարգացման եվրոպական բանկից: Այդ ֆինանսավորումը կուղղվի «Էլիտ գրուպ» ընկերության կողմից կառուցվող «Էլիտ պլազայի» շինարարությանըՙ հնարավորություն տալով ավարտելու այն:
Ա. Մ.