«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#135, 2010-07-21 | #136, 2010-07-22 | #137, 2010-07-23


ՏՈՒԺՈՂՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ԼՌԵԼ

Մի՞թե արդարադատության դիրքորոշումը մանկապղծությունն է

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի գործը, որտեղ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լյովա Ավագյանը մեղադրվում էր դպրոցի անչափահաս աշակերտուհիների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ, կրկին բացվում է:

Ավագյանն ընդունել էր իրեն հասցեագրված մեղադրանքներն, ու դատարանը արագացված դատաքննությամբ, տուժողների վկայությունները չլսելով, Լյովա Ավագյանին 2 տարվա ազատազրկման էր դատապարտել: Դատավարության ավարտից հետո «Ազգի» հետ զրույցում տուժող Հասմիկ Սինանյանն ասել էր, որ պատիժը չափազանց մեղմ է ուսուցչի կատարած հանցագործության համեմատ, հետեւաբար փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո անպայման կդիմեն Վերաքննիչ դատարան:

Հուլիսի 20-ին, գործով տուժողների բացակայությամբ, Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի նախկին սաների բողոքի քննությունը` ընդդեմ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի: Նախագահող դատավոր Մհեր Աղրամանյանը նախ կարդաց գործով տուժող Դիանա Ամիրխանյանի եւ նրա մոր բողոքից հրաժարվելու դիմումը: Ըստ փաստաթղթիՙ փաստաբան Ավագ Լալայանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ առանց իր վստահորդ Ամիրխանյանի հետ համաձայնեցնելու: Մինչդեռ փաստաբանը դատարանում հայտարարեց, որ Ամիրխանյանն իր ներկայությամբ է լիազորագիր գրել, եւ Լալայանը համոզված է, որ աղջիկը բավականաչափ գրագետ չէ նման դիմումներ գրելու համար: Դատավարության ընթացքում դատավորներն անընդհատ արգելում էին փաստաբաններին` թույլ չտալով ավարտել հայտարարությունները: Ավելինՙ դատարանն առանց հարցնելու փաստաբանների կարծիքը` նիստը հետաձգելու հայտարարություն արեց: Հետաձգման պատճառը ամբաստանյալ Ավագյանի պաշտպանի եւ տուժող Հասմիկ Սինանյանի բացակայությունն էր: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ` դատական նիստի մասին հայտնել են մեկ օր առաջՙ երեկոյան, եւ գրեթե ժամանակ չեն ունեցել պատրաստվելու: Մինչդեռ ժողովրդավարության եւ մարդու իրավունքի օրենքներից ելնելովՙ կողմերին նախապես տեղեկացնում են դատավարության մասին` որպեսզի կարողանան պատրաստվել: Դատարանը չհայտարարեց նաեւ, թե հետաձգված նիստը երբ է շարունակվելու: «Սա նույնպես օրենքի խախտում է: Չի բացառվում, որ այս անգամ էլ մեզ մի օր ուշացումով ծանուցագիր ուղարկեն եւ ասեն` չեք մասնակցել դատավարությանը», ասաց Հայրապետյանը:

Փաստաբանների տեղեկությունների համաձայնՙ դատական նիստից օրեր առաջ Դիանա Ամիրխանյանին կանչել են Երեւան քաղաքի քննչական վարչություն: Գործով վկա եւ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի ներկայացմամբՙ օրեր առաջ հեռախոսազանգ է ստացել տուժողից: «Ահաբեկված ձայնով (երեւի մորից թաքուն էր զանգել) պատմում էր, որ զանգել են Երեւանի քննչական բաժնից եւ ասել` էդ ի՞նչ բողոք ես ներկայացրել, վաղը մամայիդ հետ կգաս ոստիկանություն: Դրանից հետո կապը նրա հետ խզվեց: Հետո իմացանք, որ դիմում է գրել եւ հրաժարվում է վերաքննիչ բողոքից: Ակնհայտ է, որ այս հանցավոր փաստաթուղթը նրա ձեռքով չի գրվել»: Տիգրան Հայրապետյանը մտավախություն ունի, որ գործով տուժող Հասմիկ Սինանյանին նույնպես կարող են հրավիրել ոստիկանություն, եւ դատական հաջորդ նիստի ժամանակ, դատավորը կարող է կարդալ Սինանյանի` բողոքից հրաժարվելու դիմումը: Սուխուդյանի կարծիքովՙ աղջիկներին հատուկ նպատակներով են լռեցնում: «Եթե աղջիկները խոսեն, պարզ կդառնա, թե ովքեր են Ավագյանի հանցակիցները: Երեխաները դպրոցում շատերին են պատմել ուսուցչի ոտնձգությունների մասին, բայց նրանց ոչ ոք չի պաշտպանել: Այս կծիկը կարող է բացվել եւ շատ հեռու գնալ, եթե աղջիկները դատարանում մանրամասն պատմեն ամեն ինչ»:

«Դատավորներն ուղղորդված էին: Ընդհանրապես դատարանի միջոցով պարզ դարձավ պաշտոնական վերաբերմունքը մանկապղծության նկատմամբ», ասաց Հայրապետյանը` բնութագրելով դատական նիստը:

Փաստաբանները չեն կարողանում կապ հաստատել Դիանա Ամիրխանյանի հետ: Բարեկամները չգիտեն, թե նա եւ մայրը որտեղ են ապրում: Անհասանելի է նաեւ Հասմիկ Սինանյանը: Չափազանց տարօրինակ եւ մտահոգիչ է, որ իրենց իրավունքների համար շուրջ երկու տարի պայքարած աղջիկներն այժմ «հրաժարվում են»: Ակնհայտ է, որ նրանց ստիպել են լռել: Թե ո՞վ է մանկապիղծի հովանավորը` հայտնի չէ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենի պաշտոնից հեռացված Մերուժան Ենգիբարյանը դիմել է Վարչական դատարան` աշխատանքում վերականգնվելու համար:

Մինչդեռ նրա նկատմամբ էլ պետք է քրեական գործ հարուցվեր, որովհետեւ դպրոցի ներկա եւ նախկին սաները բազմիցս ասել են, որ Ենգիբարյանը նրանց ենթարկել է ծեծի եւ բռնությունների: Որոշ ժամանակ առաջ հրաժարականի դիմում էր ստորագրել նաեւ փոխտնօրեն Դոնարա Հովհաննիսյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4