«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2010-07-22 | #137, 2010-07-23 | #138, 2010-07-24


«ԵՍ ԿՀԱՐԳԵՄ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածուն Սենատում

Հուլիսի 22-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթի հերթը Բաքվում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայինն էր: «Ազգը» արդեն տեղեկացրել է, որ Սենատի նույն հանձնաժողովը օրեր առաջ լսեց Անկարայում դեսպանի թեկնածու Ռիկարդոնեին: Ինչպես վերջինիս, այնպես էլ Բրայզային սենատորներ բավական սուր հարցեր են ուղղել: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` սենատոր Մենենդեսը (որը բավական ակտիվորեն «հարցաքննել» էր նաեւ Ռիկարդոնեին-Հ. Ա.) հետաքրքվել է, թե ինչպես կմեկնաբանի դիվանագետը 2008-ին BBC-ի հետ ունեցած զրույցը, որտեղ Բրայզան ասել էր, թե Հայաստանը պետք է համաձայնի, որ ԼՂ-ն իրավական առումով Ադրբեջանի տարածքն է: Բրայզան պատասխանել է, որ «իրեն սխալ են թարգմանել». «Ես պարտավորվում եմ, եթե նշանակվեմ դեսպան Բաքվում, հարգել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը», պատասխանել է Մեթյու Բրայզան` հավելելով, որ ազգությամբ թուրք իր կինը եւ առհասարակ անձնական կյանքը «երբեք չի կարող ազդեցություն ունենալ իմ մասնագիտական գործունեության վրա»: Ընդհանուր առմամբ` Բրայզան հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չպետք է ունենա ռազմական լուծում, իսկ կարգավորման հիմքում պետք է լինեն երեք սկզբունքները` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4