«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2010-07-22 | #137, 2010-07-23 | #138, 2010-07-24


ՀԱՅԵՐՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային դատարանի որոշումը լուրջ հարված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, որ հայերը չեն կարող երկու անկախ պետություն ունենալ: Այո, իրավիճակից ելնելովՙ երկու անկախ պետություններ ունեն ալբանացիները, թուրքերը, ինչպես նաեւ հայերը»: Նման հայտարարությամբ է, Panorama.am-ի փոխանցմամբ, հանդես եկել Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը :

ԵՀՄՖ-ի նախագահի կարծիքովՙ հեռու չէ այն օրը, որ միջազգային գերտերություններն ընդունելու են Արցախի անկախության փաստը, եւ այն հաստատվելու է նույն Հաագայի միջազգային դատարանի կողմից: «Ահա այս գործին պետք է լծվեն ողջ աշխարհասփյուռ հայ ժողովուրդը եւ համահայկական լոբբիստական կազմակերպությունները», հավելել է Գրիգորյանը:

Նրա խոսքով, Հաագայի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության հարցի կապակցությամբ ուղեցույց է անկախություն հռչակած բոլոր այն երկրների համար, որոնք ունեցել են Կոսովոյի համանման պայմանները:

«Այդ առումով առանձնահատուկ է Արցախի ձեռք բերած անկախությունը, քանի որ այն ընթացել է ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով եւ անկախացել է մի տարածաշրջան, որը երբեւիցե չի եղել անկախ Ադրբեջանի կազմում», նկատել է Գրիգորյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4