Թուրքիայի Հանրապետությունում դրա արտահայտությունը դարձավ ազգային բոլոր փոքրամասնություններին առանց խտրականության հալածելը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Երբ որեւէ երկիր ճանաչելու փորձ է անում օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը, թուրքական իշխանության բարձրագույն ղեկավարությունը իսկույն արձագանքում եւ ի լուր աշխարհի հայտարարում է. «Մեր հայրերը չէին կարող ցեղասպանություն իրագործել, քանի որ Օսմանյան կայսրությունը ոչ մահմեդական ժողովուրդներին ընդգծված հանդուրժողականությամբ էր վերաբերվում, այդ իսկ պատճառով էլ վերջիններս պահպանեցին իրենց ազգային ինքնությունն ու կրոնը»:
Օսմանյան կայսրությունը կրոնապետություն էր: Կայսրության ոչ մահմեդական ժողովուրդները պետությանը գլխահարկ էին վճարում, թեեւ այս հարկը պայմանավորվում էր ոչ մահմեդականներին զինվորական ծառայությունից ազատելու նկատառությամբ, եւ հիրավի, մինչեւ երիտթուրքերի իշխանությունը ազատում էին նաեւ, սակայն ազատելու դիմաց նրանց մանկահավաքի էին ենթարկում: Ավելին, որպեսզի ոչ մահմեդական հպատակները զանազանվեն մահմեդականներից, նրանք սեւ կամ մոխրագույն զգեստ էին կրում: Նրանց արգելված էր մահմեդականների նման գունավոր հագուստ, ինչպես նաեւ զենք կրել եւ որեւէ մահմեդականի գործով վկայություն տալ դատարանում:
Այլ կերպ, Օսմանյան կայսրությունում ոչ մահմեդականների հանդեպ ցուցաբերվող «հանդուրժողականության» առանձնահատկությունը նրանց տարրական իրավունքներից զրկելու եւ նսեմացնելու միջոցով դրսեւորվող խտրականությունն էր: Օսմանյան Թուրքիայում իթթիհադականներն ու քեմալականները, բացի հայերից, ցեղասպանության են ենթարկել պոնտացի հույներին, ինչպես նաեւ ասորիներին եւ եզդիներին, որոնց բնաջնջմանը ընչաքաղց թուրքական ժողովրդական զանգվածների եւ ողորմելի թուրք գյուղացիների հետ առանձնակի եռանդով մասնակցել են նաեւ կիսավայրենի քուրդ աշիրաթները:
Թերեւս նաեւ հայերի հետ հույների, ասորիների եւ եզդիների բնաջնջելու հարցում է, որ օսմանյան Թուրքիան խտրականություն չի դրել ոչ մահմեդական ժողովուրդների միջեւ: Նրանց ցեղասպանությունը ժխտելու առումով էլ Թուրքիայի Հանրապետությունը խտրականություն չի դնում, իսկ երկրի մահմեդական հասարակությունը ցեղասպանության մասնակցի կարգավիճակով պաշտպանում է ժխտողականությունն ու պատմական իրողությունն ուրանալու առումով էլ լայնախոհ համերաշխություն է հայտնում պետական իշխանություններին:
Ոչ մահմեդական հպատակների հանդեպ դրսեւորվող անհանդուրժողականության պարագայում խնդիրը, սակայն, ցեղասպանությունների առնչությամբ պետական իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը չէ, այլ իթթիհադական պարագլուխների փառաբանման միջոցով երիտթուրքերի ցեղասպան քաղաքականության արդարացումը Քեմալ Աթաթուրքի հիմնադրած ժամանակակից Թուրքիայում: Ակնհայտ է, որ արդարացման դեպքում այդ քաղաքականությունը ներշնչանքի աղբյուր էր դառնում ազգային փոքրամասնությունների հետ պետության հարաբերություններն էթնիկ զտման հիմունքներով կարգավորելու համար, եւ դրանց ընթացքը կանխորոշվում էր «հայկական հարցը» հայերի ցեղասպանությամբ լուծելու երիտթուրքերի սկզբունքով:
Դրա նախադրյալները դեռեւս 1919-22 թթ. ազգային պատերազմի տարիներին ստեղծել էին քեմալական շարժման ղեկավարները, շարունակելով երկրում հայերի բնաջնջումը: Տրամաբանական է, որ քեմալականների ժամանակակից Թուրքիան էլ պիտի հալածեր ազգային փոքրամասնություններին, որքան էլ վերջիններիս այս կարգավիճակը սահմանված լիներ թուրքական պետությանն ինքնիշխանության իրավունք տվող Լոզանի պայմանագրով:
Հալածանքի վառ արտահայտությունը դարձան 1929-30, 1934 եւ 1938-39 թթ. ունեզրկման միջոցով հայության վերջին բեկորների պարբերաբար վտարումը գյուղական վայրերից, 1934-ին Թրակիայում, մասնավորապեսՙ Էդիրնեում եւ Թեքիրդաղում, նացիստների հալածանքների հետեւանքով ապաստանած շուրջ 3000 հրեաների դեմ ունեցվածքի կողոպուտով ուղեկցվող դաժան բռնությունները, 1942-ի հայերի պարագայում հարկատուի կարողությունների 232, հրեաներիՙ 179, հույներիՙ 151, իսկ թուրքերի եւ այլ մահմեդականներիՙ 4,9 տոկոսը կազմող «ունեցվածքի» հարկը: 1955-ի սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչության կազմակերպած կոտորածը, 1963-64-ին Ստամբուլից Հունաստանի քաղաքացի հույների ունեցվածքի գրավումն ու վտարումը, որոնց ճակատագրին այնուհետեւ արժանացան նաեւ թուրքահպատակ ավելի քան 120.000 հույներ, 1975-ին հայ, հույն, հրեա փոքրամասնություններին պատկանող համայնքային կալվածքների պետականորեն առգրավումը եւ այլն:
Եթե 1942-ի «ունեցվածքի» հարկը հայ, հույն, հրեա ազգային փոքրամասնություններին զրկում էր գոյության բոլոր միջոցներից, ապա 1955-ի կոտորածները նրանց զրկեցին նաեւ Թուրքիայում կյանքի անվտանգության երաշխիքներից: Դրան հետեւեցին փոքրամասնությունների բռնի վտարումը կամ նրանց երկիրը լքելու փաստի առջեւ կանգնեցումը:
Հատկանշական է, որ անմիջական մասնակցի կարգավիճակով հայերի, հույների, ասորիների եւ եզդիների ցեղասպանությունն ուրանալու հարցում պետական իշխանություններին պաշտպանող թուրք հասարակությունը մասնակցեց նաեւ 30-ական թթ. Թուրքիայի Հանրապետությունում ունեզրկման միջոցով հայ բեկորների գյուղական վայրերից վտարմանը, հրեաների դեմ կողոպուտով ուղեկցվող բռնություններին, 1955-ին Ստամբուլում կազմակերպված կոտորածներին, ինչպես նաեւ 1963-64-ին երկրից վտարվող հույների ունեցվածքի գրավմանը:
Հետեւաբար միանգամայն տրամաբանորեն այս շրջանակները պաշտպանում էին հայերի, հույների եւ հրեաների պետականորեն իրականացվող հալածանքները երկրում, իսկ թուրքական պետությունը հալածելիս խտրականություն չէր դնում փոքրամասնությունների միջեւ: Այսինքնՙ Թուրքիայում փոքրամասնություններին հալածելու հարցում եւս գոյություն ուներ իշխանություն-ժողովուրդ համերաշխությունը, իսկ իշխանություններն ավելի քան հանդուրժող էին փոքրամասնությունների կոտորածին եւ թալանին մասնակցող թուրքական ժողովրդական զանգվածների նկատմամբ:
Եթե որեւէ երկրում պետական իշխանությունը ժողովրդական զանգվածներին ներգրավում է այլ ժողովուրդների ցեղասպանության, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների կոտորածներով ու կողոպուտով ուղեկցվող հալածանքների մեջ, ապա բռնությունը վարակում է այդ զանգվածներին, որոնց այլատյացությունը պատճառ է դառնում, որ բռնության պաշտամունք առաջանա հասարակության մեջ: Դա ունի արտահայտման տարբեր ձեւեր: Թերեւս դրանցից է եկեղեցու պատին մակագրություններ թողնելը:
Խոսքը երբեմնի ասորաբնակ Մարդինի Նուսայդին (Մծբին) գյուղաքաղաքի Մար Յակուբ եկեղեցու մասին է: Դեռեւս 313-ին կառուցված ասորական այս հրաշագեղ կոթողը, ինչպես հուլիսի 12-ին նշել է թուրքական «Հաբերլեր» կայքէջը, վերանորոգվում է Մարդինի թանգարանների քաղաքային վարչության նախաձեռնությամբ: Սակայն հուլիսի 12-ի գիշերը անհայտ անձինք հանկարծ եկեղեցու պատին յուղաներկով թողնում են հետեւյալ թուրքերեն մակագրությունները. «Պատվազուրկներ, ռադ եղեք», «Ռադ եղեք, անիծյալ գյավուրներ», «Կորչեն սիոնիստական ուժերը», «Ռադ լինեն սիոնիստները», «Ռադ լինեն գյավուրները», «Օ, մարգարե, ել պատերազմի ընդդեմ գյավուրների եւ երկերեսանի ստահակների»:
Ակամա հարց է ծագումՙ ի՞նչ առնչություն ունեն սիոնիզմը կամ սիոնիստները ասորիների եւ նրանց եկեղեցու հետ: Ոչ մի: Պարզապես այս ամենը բխում է թուրքական հասարակության մեջ արմատակալած բռնության պաշտամունքի տրամաբանությունից, իսկ դրա բաղադրամաս այլատյացությունը պաշտողին այլընտրանք չի թողնում, քան ընդհանրացնել ատելությունը բոլոր ոչ մահմեդականների դեմ: