«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2010-07-22 | #137, 2010-07-23 | #138, 2010-07-24


«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԵՐ ԿՓՆՏՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Անկախ հանգամանքից, թե «Ժառանգության» համագումարն ինչպես կանվանեն` ջրբաժան, կարեւոր, ոչինչ չասող, կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի բնութագրմամբՙ ոչ միայն «ժառանգության», այլեւ քաղաքական դաշտում համագումարը կարեւոր հանգրվան էր: Ներքաղաքական դաշտում փոփոխությունների ակնկալիքներ ունեցող Րաֆֆի Հովհաննիսյանը հավելում է, որ «Ժառանգությունը» վարչության նոր կազմով աշխատելու է հասարակության տարբեր շերտերի հետ, փաստելու, որ նրանք օտարված չեն, համագործակցելու են միջազգային եւ տեղական կառույցների հետ:

Կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի մեկնաբանությամբՙ արտահերթ ընտրությունների շունչը իշխանական շրջանակներում ավելի հաճախ է զգացվում, քան` ընդդիմության: Նա կարեւորում է նոր ձեւավորվող իշխանության դերն ու նպատակը, որովհետեւ արտաքին քաղաքական դաշտում իշխանության շեշտադրումները խախտվել են, եւ անհրաժեշտ են հստակ եւ լուրջ խմբագրումներ:

Հակոբյանը խմբագրումների անհրաժեշտություն է տեսնում նաեւ ներքին կյանքում եւ հավելում, որ Արցախի հարցում որեւէ փոփոխություն կբերի արտահերթ ընտրության:

ՀԱԿ-«Ժառանգություն» համագործակցությունն էլ մինչ այժմ չի ստացվում, որովհետեւ առաջնորդները պատմական տարեթվերի կապակցությամբ տարբեր ընկալումներ ունեն:

«Ժառանգությունում» համոզված են, որ այսօրվա ընտրակեղծիքների հիմքը 1996թ. էր, դիպուկահարը, որ մարտի 1-ին կրակեց ժողովրդի վրա, ծնունդ առավ 1996-ին, մինչդեռ ՀԱԿ-ում թվերը խմբագրում են եւ ընտրակեղծիքների ու ոչ լեգիտիմ իշխանության հիմքը ներկայացնում 1998թ.: «Ճշմարտությունը չի կարող կիսատ մնալ: Նախկին իշխանությունները պետք է ասենՙ այ՛ո, սխալվել ենք, այժմ եկել ենք սխալներն ուղղելու», ասում է Ռուբեն Հակոբյանը` հիշելով որ ընտրակեղծիք կոչվող հրեշին առաջին անգամ հանդիպել է 1996-ին:

Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումն էլ հետեւյալն է. համագործակցություն ցանկացած ուժի հետ: Սակայն «համագործակցություն» կոչվածը չի նշանակում, որ քաղաքական մի ուժը պետք է բոլորին թելադրի: (Երեւի Հովհաննիսյանը նկատի ունի ավագանու ընտրությունները, երբ ՀԱԿ-ը ներկայացնում էր իր թեկնածուին` Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստիպում «Ժառանգությանը» միավորվել մեկ միասնական թեկնածուի շուրջը: Սակայն ժառանգականները հրաժարվեցին եւ չմասնակցեցին ընտրություններին-Հ. Հ.): Նա ընդգծում է, որ ՀՀՇ համագումարի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ուշացած էր. պետք է հնչեր մինչ նախագահական ընտրությունները, մինչ ՀԱԿ-ի ձեւավորումը: Հովհաննիսյանը ՀԱԿ-ում առողջ ուժեր տեսնում է եւ վստահ է, որ Տեր-Պետրոսյանի ելույթին շատերը համաձայն չեն: Ռուբեն Հակոբյանն էլ հավելում է, որ արցախյան հիմնախնդրի տերպետրոսյանական մոտեցումներին համամիտ չեն, սակայն երկու քաղաքական ուժերը կարող են համագործակցել այլ ոլոտներում:

Ավելին, Րաֆֆի Հովհաննիսյանը չի բացառում համագործակցություն նաեւ իշխանության հետ: «Կան ժամանակավրեպ խնդիրներ, որոնք ենթադրում են քաղաքական եւ հասարակական երկխոսություն»:

Չբացառելով համագործակցությունը այս կամ այն ուժի հետՙ Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, հստակեցրեց, որ 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցությունը որեւէ դաշինքի մեջ չի մտնի եւ մանդատների համար կպայքարի ինքնուրույն:

Անդրադառնալով Հաագայի դատարանում Կոսովոյի անկախության ճանաչմանը` Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը 1992-ին պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունը: «Ժառանգության» վարչության նախագահը հիշում է, որ իր արտգործնախարար եղած տարիներին կային բազմաթիվ պետություններ, որ ցանկություն ունեին ճանաչելու ԼՂՀ անկախությունը, սակայն փաստը, որ ՀՀ-ն այն չի ճանաչելՙ ստիպում էր հրաժարվել այդ մտքից: «ԼՂՀ-ն ճանաչելու փոխարեն մենք ընկած էինք մանր-մունր դիվանագիտական խաղերի հետեւից: Պատերազմում հաղթեցինք, բայց խաղաղ պայմաններում պարտվում ենք»:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ.Սեփական նախաձեռնությամբ` հատուկ խմբագիրների համար, Րաֆֆի Հովհաննիսյանը հստակեցրեց, որ 2008 թ. մարտի 1-ին ԵԽԽՎ շրջանակներում գտնվել է Սանկտ Պետերբուրգում: Սակայն երբ տեղեկացել է, թե մայրաքաղաքում ինչ է կատարվում, վերադարձել է Երեւան եւ հրաժարվել մասնակցել Բաքվում կայանալիք Ռոզ Ռութ սեմինարին, որտեղ պետք է խոսեր Արցախի ինքնորոշման իրավական փաստերի եւ Ջուղայի մշակութային ցեղասպանության մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4