«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2010-07-22 | #137, 2010-07-23 | #138, 2010-07-24


ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐՎԵՍՏԻ, ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՈՒ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՄԱՍԻՆ

«Գալով Հայաստան` նկատել եմ, որ այստեղ վերջին 10 տարիներին շատ բաներ են փոխվել, օրինակ, թե ինչպես են կանայք իրենց ներկայացնում: Շարժ կա, բայց այդ շարժը տարբերվում է իմ իմացած կանադական չափորոշիչներից», երեկ քննարկման ժամանակ ասաց դերասանուհի Արսինե Խանջյանը :

Քննարկումը «Անի պլազա» հյուրանոցում կազմակերպել էին «Սիվիլիթաս» հիմնադրամն ու «Քաունթերփարթ Ինթերնեշնըլ» կազմակերպությունը: Այն բաղկացած էր 2 մասից` քննարկման առաջին մասում Արսինե Խանջյանն ու «Քաունթերփարթ Ինթերնեշնլի» փոխնախագահ եւ հայաստանյան ծրագրերի ղեկավար Ալեքս Սարդարը զրուցեցին բազմակարծության խրախուսման հնարավորությունների մասին:

Արդյոք օգտակա՞ր է, որ արվեստագետները սատարում են այս կամ այն քաղաքական գործչին կամ թեկնածուին. այսպիսի հարցադրում արեց Ալեքս Սարդարը:

Արվեստագետները հաճախ սատարում են քաղաքական գործիչներին` ստիպված կամ սեփական ցանկությամբ` առաջ գնալու, հովանավորներ գտնելու համար: Այն ժամանակ, երբ արվեստն ու քաղաքականությունը սկսեցին համատեղ շահեր հետապնդել, առաջ եկավ պրոպագանդիստական արվեստը:

«Պրոպագանդիստական արվեստը անսովոր երեւույթ չէ, բայց դա անհրաժեշտ չէ ու ոչ էլ ցանկալի», ասաց դերասանուհին:

Ինչ վերաբերում է բազմակարծությանը, Արսինե Խանջյանի խոսքով` քաղաքացիական հասարակությունը պետք է ունենա կոլեկտիվ կարծիքներ ձեւավորելու եւ ներկայացնելու հնարավորություն:

Դերասանուհին խոսեց նաեւ հայկական հեռուստաեթերի որակի մասին, ասաց, որ հասցրել է դիտել հայկական որոշ հաղորդումներ: Նրա վերաբերմունքը հայկական ծրագրերի հանդեպ ամենեւին էլ դրական չէր: «Չգիտեմ` պրոդյուսերի համար ի՞նչ է նշանակում նման եթերով հեռուստադիտողին կերակրելը: Հեռուստադիտողները ոչ միայն պետք է բողոքեն այդ ծրագրերի դեմ, այլեւ պայքարեն գործնականորեն», ավելացրեց Արսինե Խանջյանը:

Քննարկման երկրորդ մասը վարում էր «Սիվիլիթասի» տնօրեն Սալբի Ղազարյանը: Այս մասում ռեժիսոր Ատոմ Էգոյանը , որը «Սիվիլիթասի» պատվո խորհրդի անդամ է, ներկայացրեց լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի եւ դիզայներ Արմեն Քյուրքչյանի «Հայկական զարդարվեստ» գիրքը: Երեկ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: Ա. Քյուրքչյանը նշեց, որ Հրայր Բազեի հետ իրենց համագործակցությունը սկսվել է 2 լուսանկարով, ապա հասել 800-ի: Նրանց ստեղծած գիրքը ներկայացնում է հայ միջնադարյան զարդարվեստն իր ողջ բազմազանությամբ: Հայկական զարդարվեստի հազարից ավելի նմուշների գծային վերամշակումը կատարել է Արմեն Քյուրքչյանը, իսկ լուսանկարների հեղինակն է Հ. Բազեն: Գիրքը 10 տարիների աշխատանքի արդյունքն է, ունի նաեւ էլեկտրոնային սկավառակ:

Քննարկման ժամանակ Ատոմ Էգոյանը պատմեց, որ Հրայր Բազեին ճանաչում է վաղուց: Ռեժիսորն «Արարատ» ֆիլմում օգտագործել է Հ. Բազեի «Արարատից անդին» տեսանյութից կադրեր: Լուսանկարիչը մեծ ռիսկի է դիմել` պատմական Հայաստանը լուսանկարելով:

«Երբ դադարում ես ռիսկի գնալ, որպես արվեստագետ մեռնում ես: Միշտ պետք է մարտահրավեր նետես ինքդ քեզ ու քո համար նշաձող ընտրես, բայց միեւնույն ժամանակ վախ ունենաս, որ կարող էՙ չհասնես այդ նշաձողին», ասաց Ատոմ Էգոյանը:

Երեկվա քննարկումը մասն է կազմում «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության «Բազմակարծությունը խրախուսող հանդիպումներ» շարքի եւ «Սիվիլիթասի» «Հանրային քննարկումներ» ծրագրի, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: «Բազմակարծությունը խրախուսող հանդիպումներ» շարքը քաղաքացիական հասարակությանն ուղղված ծրագիր է, որը հովանավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը:

Ի.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4