«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


ՔՐՈՈՒԼԻԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ՆԱԽԱԴԵՊ ՉԷ, ԱՐՑԱԽԻ ԱԳՆ-Ի ԿԱՐԾԻՔՈՎ` ՆԱԽԱԴԵՊ Է

Մինչ մերոնք ուրախ-ուրախ նախադեպային են համարում Կոսովոյի անկախության ճանաչման օրինականության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումը, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է, թե ԱՄՆ-ին հայտնի են Սերբիայից Կոսովոյի անջատվելու պատմական ու զգացմունքային հանգամանքները` հույս հայտնելով, թե Բելգրադը հեռատեսություն կցուցաբերի ու կհասկանա. սերտաճումը Եվրոպային բխում է իր շահերից, եւ այն, որ էլի Սերբիայի շահերից է բխում Կոսովոյի հետ կառուցողական համագործակցություն սկսելը: Իսկ որ կարեւոր է` Քրոուլին փոխանցել է Վաշինգտոնի համոզվածությունը, որ միջազգային դատարանի որոշումը չի կարող տարածվել մյուս նմանատիպ դեպքերի վրա, քանի որ դա յուրահատուկ որոշում է` հիմնված միայն Կոսովոյին վերաբերող փաստերի վրա:

Այս հայտարարության ֆոնին հետաքրքրական է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը, ըստ որիՙ Հաագայի որոշումն ունի չափազանց իրավական, քաղաքական ու բարոյական, ինչպես նաեւ նախադեպային նշանակություն եւ իր տարածմամբ չի կարող սահմանափակվել լոկ Կոսովոյի օրինակով: Այս նախաբանից հետո հայտարարության մեջ անցում է արված սեփական խնդրին:

Արցախի ժողովուրդը, իրականացնելով անկախ պետություն ստեղծելու իր իրավունքը, ստիպված է եղել դիմակայել Ադրբեջանի կազմակերպած ռազմական ագրեսիային, որի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասնյակ հազարավորներ տեղահանվեցին եւ դարձան փախստականներ: Այդ գործողությունները մինչ օրս համապատասխան գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության կողմից:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու պայմաններում Արցախի ժողովուրդը շարունակում է կառուցել քաղաքացիական ժողովրդավարական պետությունՙ այն դարձնելով Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասը:

Արցախի ժողովրդիՙ իր սեփական պետությունն ունենալու եւ կառուցելու, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքն, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան եւ արդար ու տառապյալ նվաճում է:

Պարոն Քրոուլին գուցե այս հայտարարության վերաբերյալ էլ Վաշինգտոնի տեսակետ փոխանցի:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4