«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#137, 2010-07-23 | #138, 2010-07-24 | #139, 2010-07-27


«ՇԵՖԸ» ՍԱՍՏԵՑ, ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆՆ ԷԼ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՑ

Որ ՀԱԿ-ում ամեն ինչ այնքան էլ իդեալական չէր, ինչպես ամիսներ շարունակ պնդում էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ակնհայտ էր դեռ ամիսներ առաջ: Հատկապես ավագանու ընտրությունների ժամանակ արմատական ընդդիմության մեջ մտած քաղաքական ամենատարբեր ուժերին միավորում էր միան մեկ բան` իրականացնել իշխանափոխություն, մնացած ամեն ինչի վերաբերյալ նրանք ամենատարբեր մոտեցումներ եւ տեսակետեր ունեին: Եթե ՀԱԿ-ի անդամներին, բացի իշխանափոխությունից, լրագրողներն ասուլիսների ժամանակ այլ հարցեր էին տալիս, նրանք նախ խառնվում էին ու պատասխանում. «Առաջնահերթ մտածենք իշխանափոխության մասին»: Նման պատասխաններ էին հնչեցնում թե՛ Դավիթ Շահնազարյանը, թե՛ Վահագն Խաչատրյանը, Արարատ Զուրաբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

Որ հուլիսի 17-ին կայացած ՀՀՇ համագումարը պետք է դառնար որոշիչ եւ ուղիներ հարթեր արմատական ընդդիմության հետագա գործունեության համար եւ հող պատրաստերՙ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, կրկին ակնհայտ էր: Սակայն ընդդիմադիր գործիչները հասկանում էին, որ դրա համար անհրաժեշտ էր կազմի փոփոխություն` երիտասարդացում, նոր մարդիկ, անուններ: Սակայն ՀՀՇ նախագահի ընտրությունը` Արամ Մանուկյան, հերթական անգամ փաստեց, որ ՀՀՇ-ում առանց «շեֆի» համաձայնության ոչինչ չի փոխվում եւ չի ընդունվում այլախոհությունը. ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթը գրում է, իսկ մնացած անդամները ստիպված իրենց խոսքը բովանդակային առումով համաձայնեցնում են ՀՀ առաջին նախագահի ելույթին:

Համագումարից երկու օր անց լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում հայտնված ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանի հրաժեշտի նամակն ու ՀՀՇ անդամությունից դուրս գալը քիչ թե շատ սպասելի էին: Շատերն էին համոզված, որ Ռուբինյանը կարող է ընտրվել վարչության նախագահ, սակայն ընտրությունների արդյունքներից նեղացած ՀՀՇ գործիչը հրաժեշտի նամակ գրեց, քննադատեց Լեւոն Տեր-Պետրոսյանին` մեղադրելով կուսակցության վարչության անդամների կեղծ ընտրությունը կազմակերպելու եւ հովանավորելու մեջ: «Ցավալի է, որ սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների` ՀԱԿ-ը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները: Եվ այդ խիստ վերահսկողության ներքո, քվեարկության ժամանակ, չնայած կազմկոմիտեի նախապես արված հավաստիացումներին, հանկարծ հայտնվում է մի «օրինակելի» քվեաթերթիկ, որի համաձայն` մասնավորապես ես չպիտի ընտրվեմ վարչության կազմում: Քանի որ նույնիսկ հիվանդ ուղեղները չեն կարող պատկերացնել ինձ «դավադիր թեւում», իշխանությունների հետ գործարքի մեջ մտած, մնում է ենթադրել մի բան` պարոն Տեր-Պետրոսյանն այդպիսով պատժում է ինձ իր (ՀԱԿ-ի) քաղաքականությունը քննադատելու համար կամ, ավելի ճիշտ, զերծ է պահում ՀՀՇ վարչությունը այլախոհությունից»: Սա հատված էր Կարապետ Ռուբինյանի հրաժեշտի նամակից: Սակայն մի քանի օր անց կարծես նրա բարկությունն անցավ, համակեցին իշխանափոխական մտքեր, կամ, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ առաջնորդը սաստեց, ու հայտնվեց երկրորդ նամակը, այս անգամՙ զղջման:

«ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարության հետ ունեցած քննարկումներով բավարարված եմ եւ, ամենակարեւորը, հավաստիացումներ եւ փաստարկներ եմ ստացել, որ կատարվածը ոչ թե այլախոհությունը խեղդելու, որեւէ մեկին պատժելու միտում է ունեցել, այլ կազմակերպչական բացթողումների հետեւանք է: Ցավում եմ, որ այդ բացթողումները առիթ տվեցին ինձ, ինչպես պարզվում է հիմա, հանիրավի մեղադրանքներ հնչեցնելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը», ասված է Ռուբինյանի նամակում:

Հոլիվուդյան happy end-ի համար պակասում էր միայն Արամ Մանուկյանի ափսոսանքի նամակը. այն էլ չուշացավ: «ՀՀՇ վարչության նորընտիր ղեկավարությունը մանրակրկիտ քննարկել է համագումարից հետո հնչած բոլոր կարծիքներն ու դժգոհությունները: Առանձին հանդիպումներ ու քննարկումներ են եղել ՀՀՇ Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամների եւ Կարապետ Ռուբինյանի հետ: Ցավով եմ նշում, որ համագումարի նախապատրաստական լարված իրավիճակում կազմկոմիտեի թույլ տված կազմակերպչական որոշ բացթողումներ բերել են նրան, որ ակամա վիրավորել ենք մեր կուսակցական ընկերներին, ինչի համար ափսոսում ենք», գրել է Արամ Մանուկյանը:

Կարապետ Ռուբինյանն էլ իր հերթին Մանուկյանի հայտարարությունն ընկալել է որպես ՀՀՇ-ում նոր, ազատական-ժողովրդավարական բարեփոխումների սկիզբ, իսկ նախկին կուսակիցներին մաղթել հաջողություն:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4