Նկատվում է վճարած հարկերի ավելացում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Պետական եկամուտների հրապարակած ( «Ազգ» , 27 հուլիսի, 2010 թ.) 2010-ի հունվար-հունիս ամիսներին առաջին 300 խոշոր հարկատուների եւ նրանց վճարած հարկերի ցանկին փոքր-ինչ մանրամասն ծանոթանալիս երեւում է անցյալ տարվա համեմատ նրանց վճարած հարկերի ավելանալու փաստը: Ինչը բնական պետք է համարել, նկատի ունենալով, որ 2009-ի առաջին կիսամյակը մեր տնտեսության համար ճգնաժամի ամենածանր շրջանն էր:
Ցանկն այս անգամ գլխավորում է «Հայռուսգազարդը»ՙ 10 մլրդ դրամ վճարած հարկերով: Ընկերությունը առաջատար էր նաեւ անցյալ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, բայց 8,7 մլրդ դրամ հարկային վճարումներով: Երկրորդը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս-Գրիգ» ընկերությունն էՙ 8,5 մլրդ դրամ վճարած հարկերով, ինչը նույնպես ավելի է նախորդ տարվա վճարած 6,3 մլրդ դրամից: Ուղղակի հարկերիՙ շահութահարկի եւ եկամտահարկի մասով նույնպես այս ընկերությունը զգալի առաջընթաց է արձանագրելՙ 313 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 մլն դրամի փոխարեն: Սակայն անգամ նման աճի դեպքում «Ալեքս Գրիգի» շահութահարկի եւ եկամտահարկի վճարումները ակնհայտորեն փոքր թիվ են կազմում առնվազն առաջին տասնյակում գտնվող խոշոր հարկատուների շարքում: Երրորդը «Արմենտելն» էՙ 7,2 մլրդ դրամ եւ շահութահարկի ու եկամտահարկի ամենաբարձր ցուցանիշովՙ 2,2 մլրդ դրամ: Անցյալ տարվա առաջին կիսամյակում «Արմենտելը» վճարել էր գրեթե նույն չափիՙ 7,1 մլրդ դրամ հարկեր:
Չորրորդ տեղում բջջային կապի առաջատար օպերատոր «Ղ-Տելեկոմն» է 7,2 մլրդ դրամ ցուցանիշովՙ 2009-ի 6,5 մլրդ դրամի փոխարեն: Աճը մոտ 700 մլն դրամ է: Հինգերորդը վառելիք ներմուծող խոշորագույն ընկերությունն էՙ «Ֆլեշը»ՙ 5,4 մլրդ դրամ հարկերով, վեցերորդը դարձյալ վառելիք ներմուծող «Սիթի պետրոլ գրուպը», որը վճարել է 4,7 մլրդ դրամ: 7-րդ տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» էՙ 4,7 մլրդ դրամ: Ուրախալի է, որ տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցանկում առաջին տեղը զբաղեցնող կոմբինատը կրկին սկսում է բարձրանալ ցանկում եւ ավելացնել իր կատարած վճարումները: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այս ընկերությունը վճարել էր 806 մլն դրամ եւ 32-րդն էր:
8-րդ տեղում «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են 3,2 մլրդ դրամով, 9-րդ տեղում ծխախոտ ներմուծող «Վիդիշ դիստրիբյուշնը»ՙ 3,1 մլրդ դրամ, եւ տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը»ՙ 3,1 մլրդ դրամ ցուցանիշով: (Ի դեպ, Վարդանյան ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկությունների վճարած հարկերը գումարելու պարագայում «Գրանդ Հոլդինգի» ցուցանիշներն այս ցուցակում կլինեն շատ ավելի բարձր): Հեռահաղորդակցության ոլորտի նոր օպերատոր «Օրանժ Արմենիան» 11-րդն էՙ 2,8 մլրդ դրամով: Սրանք բոլորն էլ ավելացրել են վճարած հարկերի գումարները ճգնաժամային 2009-ի առաջին կիսամյակի համեմատ: Հայաստանյան բանկերից ամենախոշոր հարկատուն «ԱԿԲԱ կրեդիտ Ագրիկոլ բանկն» էՙ 1,4 մլրդ դրամով զբաղեցնելով 14-րդ տեղը: Հայաստանի մյուս բանկերը եւս ընդգրկված են խոշոր հարկատուների ցանկում:
Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվողներից «Տոյոտա Երեւանը» վճարել է 1 մլրդ դրամ եւ 30-րդ տեղում էՙ անցյալ տարվա համեմատ 757 մլն դրամի դիմաց: Հաջորդը «Գլոբալ Մոթորսն» էՙ 76-րդ տեղում 437 մլն դրամ, «Մուրանը» 84-րդն էՙ 400 մլն դրամով: Այս ընկերությունները նույնպես ավելացրել են հարկային վճարումները, ինչը շուկայում ավտոմեքենաների պահանջարկի որոշ ավելացման մասին է խոսում:
Խոշոր հարկատուների ցանկում այս անգամ շատ են դեղագործական ընկերությունները, ինչը մեծապես պայմանավորված էր դեղերի գների բարձրացմամբ: Առաջին 300-ի ցանկում են նաեւ Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունները, որոնց վճարած հարկերը հաճախ շատ ավելի են, քան բոլորին քաջ հայտնի ընկերություններինը: