«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2010-07-24 | #139, 2010-07-27 | #140, 2010-07-28


ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՈԺԿՈՆ ԿՀԵՌԱՆԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Հուլիսի 16-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանագրով Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Բոժկոն ազատվել էր պաշտոնից: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, դեսպան էր նշանակվել Իվան Կոխտան : Բոժկոյի հեռացման կապակցությամբ ոչ միայն հայկական, այլեւ ռուսական եւ ուկրաինական ԶԼՄ-ները տարբեր կարծիքներ էին շրջանառում, սակայն որեւէ կոնկրետ պատճառ չէր նշվում:

Երեկ Մամուլի ազգային ակումբում դեսպանը հստակեցրեց, որ սեպտեմբերին ավարտում է իր դիվանագիտական աշխատանքների 5-ամյակը, հետեւաբար հետկանչը սպասելի էր: «Իսկ մինչ այդ դեռ շարունակում եմ աշխատել»:

Հարցին` դեսպանի ազատման հրամանագիր Ուկրաինայի նախագահը չի՞ ստորագրել, դիվանագետն ասաց. «Հրամանագիր կա, բայց ունի ծառայողական բնույթ, որպեսզի դեսպանը պատրաստվի, որովհետեւ նա ունի հանձնարարություններ, որոնք պետք է կատարի մեկնելուց առաջ»:

Նրա ներկայացմամբ մինչեւ նոր դեսպանի ժամանումը տվյալ դիվանագետը շարունակում է ներկայացնել իր երկրի շահերը: «Այնպես որ ինձ համար` որպես դիվանագետի, մի քիչ տարօրինակ է այդ աղմուկը: Դա մի տեսակ վկայում է, որ ես չափազանց շատ եմ կապված Հայաստանի հետ, եւ ինչ-որ մարդիկ, որ կուզեին էլի հանդիպել ինձ հետ, վախենում են չհասցնեն», հայտարարեց նա:

Թե ինչով է պատրաստվում զբաղվել Ուկրաինայում, դիվանագետն ասաց, որ վերադառնում է արտաքին գործերի նախարարություն. «Բացի այդ, ինչպես ասում են Հայաստանում, տաշած քարը գետնին չի մնա»:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Բոժկոն համամիտ էր նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի տեսակետին, որ Գլադոմորը ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունն է, որ իրականացրել է Ռուսաստանը, մինչդեռ ներկայիս նախագահ Վիկտոր Յանուկովիչն այդ տեսակետին չէր: Եվ ըստ այդ խոսակցությունների, հենց դա էր պատճառը Բոժկոյի հետկանչի: «Ազգի» հարցըՙ Գլոդոմորի հետ կապված, կիսատ մնաց: Նախ դեսպանը, առանց հարցի շարունակությունը լսելու, բոլորովին այլ բան պատասխանեց, այնուհետեւ ակումբավարը թույլ չտվեց լրագրողին հարցը շարունակել: Ցավոք, Մամուլի ազգային ակումբում լրագրողների իրավունքների անտեսումը դառնում է սովորական երեւույթ: Հարց է առաջանում` ինչո՞ւ են հրավիրում ասուլիսի, եթե լրագրողին հարց տալու իրավունք չի տրվում:

Ինչեւէ, անդրադառնալով հայ-ուկրաինական հարաբերություններինՙ Բոժկոն ասաց, որ հավատում է դրանց զարգացմանն ու ամրապնդմանը: Հատկապես կարեւորվում են տնտեսական հարաբերությունները:

«2005թ. ապրանքաշրջանառությունը երկրների միջեւ կազմել է 118 մլն դոլար, իսկ 2008-ին` 310 մլն դոլար: Սակայն ճգնաժամի պայմաններում գրանցվել է 30-40 տոկոս անկում», ասաց դեսպանը: Խոսելով ՎՈՒԱՄ-ին Ուկրաինայի մասնակցության մասինՙ Բոժկոն ընդգծեց, որ դա անդամակցությանը չի խանգարում լավ հարաբերությունների պահպանմանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` հավելելով, որ յուրաքանչյուր երկիր առաջնահերթ մտածում է իր շահերի մասին:

Հայ-ուկրաինական հարաբերությունների նոր հիմք կարող է դրվել օգոստոսին, երբ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն այցելի Հայաստան: Ալեքսանդր Բոժկոյի փոխանցմամբՙ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նաեւ Սերժ Սարգսյանի Ուկրաինա կատարելիք այցի մանրամասները: «Վստահ եմ, որ այդ այցը նոր խթան կհաղորդի մեր երկրների հարաբերություններին, քանի որ այցերի շրջանակներում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում, այդ թվումՙ համաձայնագիր Հայաստանի միգրացիոն ծառայության հետ, որը կկանոնակարգի ապօրինի միգրանտների հարցը», ասաց նա:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4