Հուլիսի 24-ից 26-ը աշխատանքային այցով Աֆղանստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Ամփոփելով նախարարի այցելության մանրամասները ՊՆ լրատվական ծառայությունը փոխանցում է, որ հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Կունդուզում տեղակայված ՀՀ զորախմբին, ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին, եղել Կունդուզի օդանավակայանի հենակետերում, որի անվտանգությունն էլ հենց ապահովում է հայկական զորախումբը: Ինչպես երեկ արդեն տեղեկացրել ենք` ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնել է հայ խաղաղապահների կառուցած Սուրբ Թադեւոս առաքյալ անվանակոչված մատուռը:
Այցի շրջանակներում ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Աֆղանստանի միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ԱՄԱԱՈՒ-ISAF) հրամանատար, գեներալ Դեւիդ Հ. Պետրեուսի, ԱՄԱԱՈՒ-ի հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության հրամանատարի եւ Կունդուզ նահանգային վերականգնողական խմբի ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Աֆղանստանի եւ տարածաշրջանի անվտանգության միջավայրը, ԱՄԱԱՈՒ-ից աֆղանական զինված ուժերին անվտանգության պատասխանատվության փոխանցման գործընթացի հետ կապված մարտահրավերները, Քաբուլի վեհաժողովի արդյունքները եւ հետագա համագործակցության հեռանկարները: ԱՄԱԱՈՒ-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել նախարար Սեյրան Օհանյանին հայկական զորախմբի գերազանց եւ օրինակելի ծառայության եւ այն կարեւոր ներդրումի համար, որ հայ խաղաղապահերն ունեն Աֆղանստանի հյուսիսի ռազմավարական նշանակություն ունեցող տեղանքների անվտանգության ապահովման գործում:
Հուլիսի 25-ին ՀՀ ԶՈՒ պատվիրակությանն ընդունել են Աֆղանստանի պաշտպանության նախարար Աբուլ Ռահիմ Վարդակը եւ Աֆղանստանի ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Շեր Մուհամեդ Քարիմը: Հանդիպումների ժամանակ բարձր գնահատականի է արժանացել ՀՀ զորախմբի ծառայությունը Կունդուզում: ՀՀ պաշտպանության նախարարի խնդրանքով ներկայացվել է Աֆղանստանում տիրող ընդհանուր իրավիճակը:
Հուլիսի 26-ին, Աֆղանստանից հետդարձի ճանապարհին, Ուզբեկստանի Թերմեզի օդանավակայանում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարար պարոն Ֆշավկաթ Տուրսուն Նորմատովի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ ռազմական համագործակցության ներկա վիճակը եւ զարգացման հնարավորությունները: Գերմանիայից դեպի Կունդուզ ՀՀ զորախմբի տեղափոխման ճանապարհին Թերմեզի օդանավակայանը ծառայում է որպես միջանկյալ կայան, եւ հայ խաղաղապահների նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել պարոն Նորմատովին:
Հուլիսի 26-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:
Հ. Ա.