«Ապրի՛ր, որ հիշես, հիշի՛ր, որ ապրես»
Արմենական-ՌԱԿ համագումարին զուգահեռՙ օրերս Թեքեյան կենտրոնում բացվեց գրաֆիկական աշխատանքների ու երգիծանկարների ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին եւ Արմենական կուսակցության 125-ամյակին, որը լրանում է այս տարի:
Ցուցահանդեսը բացվել է Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահ Սուքիաս Թորոսյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ Արմենական-ՌԱԿ-ի: Ցուցադրվող 40 աշխատանքները 1885-1915 թվականներին տպագրվել են հայկական եւ եվրոպական տարբեր պարբերականներում: Այս աշխատանքները ցույց են տալիս թուրք բռնակալների վայրագությունները հայ ժողովրդի նկատմամբ: Որոշ երգիծանկարներ էլ ներկայացնում են հայ մտավորականության պասիվ դերը արեւմտահայերի տեղահանման ու գաղթի ժամանակ: Երգիծանկարներն ու գրաֆիկական աշխատանքները նկարել են գերմանացի, ռուս, իտալացի եւ հայ նկարիչները:
«Գերմանացի երգիծանկարիչները պատկերել են գերմանական կառավարության շողոքորթությունը հանդեպ Թուրքիայի, ներկացրել, թե ինչպես է իրենց կառավարությունը գումար վերցրել Թուրքիայից, որպեսզի աչք փակի հայերի կոտորածների առաջ: Սրանք պատմական մեծ նշանակություն ունեցող նկարներ են», ասում է Սուքիաս Թորոսյանը:
Աշխատանքները վերցված են «Խաթաբալա», «Կառափնա» եւ այլ պարբերականներից: Ս. Թորոսյանը պատմում է, որ երգիծանկարները տարիների ընթացքում հավաքել է իր որդին` նկարիչ Արսեն Թորոսյանը: Վերջինիս հավաքածուն ընդգրկում է շուրջ 500 երգիծանկարներ, որոնցից միայն 40-ն են այսօր ցուցադրվում: Արսեն Թորոսյանն այս աշխատանքների ուսումնասիրության համար ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան: Երգիծանկարները նրան ուղարկել են Անգլիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, նրա աշխատության մեջ զետեղված են դեռ 1870-ականներին տպագրված երգիծանկարներ:
«Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչներ Շլինգի, Բիխովի, Ռոտռի, Շմինովի, Բոնեմուայի, Մեսխիյովի եւ Միքայել Խանոնցի գործերը», նշում է Սուքիաս Թորոսյանը:
«Ապրի՛ր, որ հիշես, հիշի՛ր, որ ապրես» խորագրով այս ցուցահանդեսը շարունակությունն է գիտական աշխատության, որին «Ազգ» օրաթերթը նույնպես անդրադարձել է: «Հուսով ենք` մի օր էլ այն լույս կտեսնի առանձին գրքով: Աշխատության հանդեպ հետաքրքրությունը կմեծանա այն ժամանակ, երբ այն մասսայականացվի, դրա համար էլ լավ կլինի` օր առաջ տպագրել գիրքը, մանավանդ որ Հայկական հարցին անդրադարձող աշխատություններում անդրադարձ չկա երգիծանկարչությանը, որը նույնիսկ կար-որ վկայություն է», ասում է Սուքիաս Թորոսյանը:
Երգիծանկարչությանը բնորոշ սուր լեզվով ծաղրանկարիչները պատկերել են թուրք բռնակալներին. թուրքերը կոտորում են հայերին, իսկ եվրոպական դիպլոմատիան, մի կողմ քաշված, մատների արանքով է նայում այդ ամենին: Մի ուրիշ երգիծանկարում էլ թուրքերը տանջամահ են անում հայերին, իսկ հետեւի պլանում լաց են լինում կոկորդիլոսները: Այդ կոկորդիլոսներից ամեն մեկը մի երկիր է ներկայացնում, այսինքն` եվրոպական մեծ տերությունները տեսնում են հայկական կոտորածները, կոկորդիլոսի արցունքներ թափում, բայց ոչինչ չեն ձեռնարկում:
«Թուրք «քաջարի» զորքերը գերիներ են տանում», «Ծննդյան տոնը», «Թուրքական-սուլթանական դրախտի պատկերը» եւ այլ գործեր իրենց ազդեցիկ արտահայտչամիջոցներով եւ հոգեբանական ծանր պատկերներով հերթական անգամ ցույց են տալիս, որ «Ոչ ոք չի՛ մոռացվել, ոչինչ չի՛ մոռացվել»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Նկար 1. «L'asino», Հռոմ: - Թուրքըՙ «Մենք կարող ենք սպանությունները շարունակել, շուտով տեղ կհասնեն մեր դաշնակիցները Եվրոպայից»:
Նկար 2. «Papagatto».- Խեղճ Հայաստանն իր վերջին արցունքներն է թափում եւ օգնություն է խնդրում, մինչդեռ նրա փրկիչները կոկորդիլոսի արցունքներ են թափում ... հեռվից: